Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բնակարանային ապահովում որպես հաշմանդամ զինվորական կենսաթոշակառու կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։
Աջակցությունից կարող են օգտվել․
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
- զոհված զինծառայողների ընտանիքները։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացնել համապատախան համայնքապետարան, Երևանում հաշվառված լինելու դեպքում՝ քաղաքապետարան։
Ներկայացվող պահանջները
Աջակցություն կարող են ստանալ 1-ին և 2-րդ խմբի (որոշ դեպքերում նաև 3-րդ խնբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք․
- չունեն բնակարան ՀՀ-ում սեփականության իրավունքով,
- ունեն 4-րդ աստիճանի վթարային բնակարան, որը ենթակա է քանդման, և անվտանգության տեսանկյունից անբնակելի է,
- առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները ունեն մեկ անձի հաշվով 5․5 քմ-ից պակաս բնակելի տարածք։
Ներկայացվող պահանջները ավելի մանրամասն ներկայացված են ուղեցույցում։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- չափահաս անձանց անձնագրերի պատճեններ (հաշվառման էջերով),
- ամուսնության կամ ամուսնալուծության վկայականները (առկայության դեպքում),
- անչափահաս երեխաների ծննդյան վկայականները, ուսումնառություն և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները,
- հաշմանդամություն ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանք,
- զինծառայողի հիվանդության, վնասվածքի զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ ռազմաբժշկական փորձաքննական եզրակացության պատճենը,
- սոցիալական ապահովության մասին տեղեկանք (եթե դիմողը պաշտպանության նախարարության աշխատակից է, ապա տեղեկանքը տրամադրվում է համապատասխան ստորաբաժանումից, իսկ եթե Ազգային անվտանգության աշխատակից է, ապա տեղեկանքը ստանում է ազգային անվտանգությունից),
- տեղեկանք Կադաստրի կոմիտեից՝ շահառուի անվամբ սեփականության իրավունքով բնակելի տարածք ունենալու և վերջին 5 տարում այն վաճառելու մասին,
- տեղեկանք՝ բնակարանային պայմանների մանրամասն նկարագրությամբ,
- զինվորական կենսաթոշակի իրավունքի կամ զոհվելու փաստի հավաստում։
Աջակցության չափը
Աջակցությունը տրամադրվում է 2 եղանակով՝ սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր։
- Անհատույց բնակարան սեփականության իրավունքով պետությունը տրամադրում է պատրաստի բնակարան, որը իրավական կերպով դառնում է շահառուի սեփականությունը։ Բնակարանը տրվում է առանց գումարային փոխհատուցման պարտավորության։
- Բնակարանի գնման վկայագրով շահառուն հնարավորություն է ստանում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից գնել բնակարան պետական ֆինանսավորմամբ՝ որոշակի պայմաններով և ժամկետով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցությունը տրամադրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից դիմումը ուսումնասիրելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Աջակցության հաստատումը կախված է նաև պաշտպանության նախարարության բնակարանային առկա ֆոնդից և առաջնահերթություններից։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis. am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30