ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Դիմել առևտրային ձեռնարկությունների աջակցության ծրագրին

Աջակցության ծրագրի շրջանակներում փոխհատուցում կստանան այն առևտրային կազմակերպությունները, որոնք 2025 թվականի դրությամբ դեռևս ունեն 2024 թվականին գնված և չվաճառված ապրանքներ։

Այս ձեռնարկատերերի համար շրջանառության հարկը 2025 թվականի 1-ին կիսամյակում կհաշվարկվի նախկին դրույքաչափերով՝ հաշվի չառնելով 2025 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 րոպե
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 10-ը (1-ին եռամսյակի համար) կամ օգոստոսի 1-ը (2-րդ եռամսյակի համար)՝

  • ուղարկել դիմում [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին,
  • կցել պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունից կարող են օգտվել այն ձեռնարկատերերը, որոնք․

  • 2024 թվականին զբաղվել են առևտրով,

  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել են շրջանառության հարկ վճարող,

  • ամբողջությամբ վճարել են իրենց շրջանառության հարկը,

  • 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրության պայմաններում վճարում են ավելի շատ հարկ, քան նախկինում։

Պահանջվող փաստաթղթերը

Առևտրային ձեռնարկությունների աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որտեղ հարկավոր է նշել․

  • հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
  • առևտրային կազմակերպության անունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը,
  • հարկ վճարողի բնակության վայրը։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել ապրանքների մնացորդի մասին տեղեկություններ (ապրանքի անվանում, չափման միավոր, քանակ)։

Տրամադրման կարգը և ժամկետը

Աջակցությունը կտրամադրվի 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: 

Դիմումի համապատասխանությունը ծրագրի պայմաններին ստուգվում է 1 ամսվա ընթացքում, իսկ դիմումը հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցվում է դիմումատուի բանկային հաշվին։

Փոխհատուցման չափը

Աջակցության չափը հաշվարկվում է հետևյալ կերպով․

Հարկային մարմինը հաշվում է, թե որքան հարկ է վճարում ձեռնարկատերը 2025 թվականին ուժի մեջ մտած օրենսդրությամբ, և որքան կվճարեր նույն շրջանառության համար նախկին օրենսդրությամբ  (օրինակ՝ շրջանառության հարկը նախկինում 5% էր 10%-ի փոխարեն): Հենց այս գումարների տարբերության չափով էլ դիմումատուն կստանա աջակցությունը։  

Օրինակ՝ եթե փոխված օրենսդրությամբ (շրջանառության 10% հարկ) ձեռնարկատերը վճարում է 100,000 դրամ, իսկ նախկին օրենսդրությամբ կվճարեր 50,000 դրամ (շրջանառության 5% հարկ), ապա աջակցության գումարը կկազմի 50,000 դրամ։ Սա արվում է, որպեսզի ձեռնարկատերերը չկրեն անհամաչափ ֆինանսական բեռ այն ապրանքների վաճառքից, որոնք ձեռք են բերել դեռևս հին օրենսդրության գործողության պայմաններում:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2025 թվականի փետրվարի 27-ի N 222-Ն որոշում 

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` 
(374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր