ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն՝ նախապես այց ամրագրելով։

Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
105,000 դրամ կամ անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող բաժանմունքը,
  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։


Ներկայացվող պահանջները

ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անձը պետք է հիմնավորի, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ, օրինակ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, ՀՀ քաղաքացու կամ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող անձի ամուսինը կամ մերձավոր ազգականը լինելը:


Պահանջվող փաստաթղթերը

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),

  • 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,

  • անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր, 

  • առողջական վիճակի մասին տեղեկանք,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման չափը և կարգը

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 105,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝900005162111)։


Ժամանակավոր կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 1 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։

Ուշադրություն
Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր