ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կենսաթոշակ

Ստանալ կենսաթոշակ

Պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց պետական կենսաթոշակի տրամադրում։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի, ինչպես նաև այլ դրամական վճարների իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է`
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը.
4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) լուսանկար (4 x 6 սմ չափսի):
2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`
1) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը, կամ նոտարական ակտը.
2) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.
3) ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
4) զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.
5) բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը.
6) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը:
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր համար նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1, 2, 3 կամ 4 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
4. Հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր համար նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:
5. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր համար նշված փաստաթղթերից, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամները, բորտօպերատորը, բորտուղեկցորդը ներկայացնում են նաև թռիչքային գրքույկը, թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը (վավերացված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), իսկ օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողը` կարգավարի (դիսպետչերի) գրքույկը (թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):
6. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, իսկ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնող անձը` իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:
7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է կերակրողի մահվան վկայականը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը), ինչպես նաև մահացած կերակրողին վերաբերող՝ աշխատանքային ստաժըհաստատող փաստաթղթերը:
8. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են նաև`
1) կերակրողի երեխայի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).
2) կերակրողի եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում), ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.
3) կերակրողի` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).
4) ամուսնության վկայականը.
5) խորթ որդու (դստեր) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
6) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին.
7) որդեգրման մասին դատարանի վճիռն ու որդեգրման վկայականը կամ որդեգրման որոշումն ու որդեգրման վկայականը.
8) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):
9. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր համար նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը:
10. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու 1-ին և 2-րդ կետեր համար նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև՝
1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին.
2) զորացրման հրամանի քաղվածքը, իսկ պրոբացիայի ծառայողը` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու և պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները.
3) դրամական բավարարման վկայականը:
11. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և հիվանդության պատճառական կապի մասին ռազմաբժշկական կամ բժշկական հանձնաժողովի որոշումը:
12. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար նշված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում նաև՝
1) զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

Ծառայությունը ստանալու հիմքերը`

Կենսաթոշակ նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը, Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.
4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր