ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար

Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 

Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։

Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:

Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել e-request.am,
  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:

Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
  • բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։


Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Ծրագրի մասին

  • Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
  • Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
  • Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերում ապրող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝

  • շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
  • շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
  • մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
  • ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
  • ձեռք բերված կամ կառուցված/կառուցվող անշարժ գույքը պետք է լինի շահառուի և նրա ամուսնու (եթե պաշտոնապես ամուսնացած են) միակ բնակելի գույքը: Այն պետք է պատկանի նրանց անձնական, համատեղ կամ բաժնային (առնվազն 50%) սեփականության իրավունքով,

  • կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի առնվազն 10% երկրորդային շուկայից գնվող բնակարանի արժեքից և առնվազն 7,5% առաջնային շուկայից գնվող բնակարանի արժեքից (այս պահանջները չեն վերաբերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին): Նշված տոկոսները հաշվարկվում են` առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության,

  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

Պահանջվող փաստաթղթերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղարկվող առցանց նամակին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխաների ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։

Աջակցության չափը

  • Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող կամ արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
  • Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
  • Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է։
  • Աջակցությունն ավելացվում է 50%-ով, եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
  • Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ
Այս էջը օգտակա՞ր էր