Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ փոխհատուցում ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրի շրջանակներում
Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու համար) տրամադրում է օժանդակություն՝ մասնակի փոխհատուցելով նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու և կատարված ծախսերի համար։
Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է ՀՀ-ում մասնավոր ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների, ինչպես նաև նոր արտաքին ներդրումների ներգրավման համար հնարավորությունների ստեղծումը։
Ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է կազմակերպությունների անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ հարկերը)։
Ներկայացվող պահանջները
Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու պահանջները հետևյալն են․
- ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում,
- ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության, մշակող արտադրության կամ ծառայությունների մատուցման կազմակերպմանը,
- ներդրումային ծրագրի իրականացման համար շահառուն պետք է տարածքի նկատմամբ ունենա գրանցված սեփականության կամ կառուցապատման կամ վարձակալության իրավունք,
- աջակցություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ շահառուի անունով չպետք է լինի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ,
- տրամադրվող աջակցության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան՝
1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը,
2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը։
Ենթակառուցվածքների ներդրումների դիմաց փոխհատուցում ստանալու համար ծրագրի պայմաններին բավարարող անձը պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Պահանջվող փաստաթղթերը
Ներդրումային ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների համար փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- հայտ՝ N 1 ձև,
- ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր՝ N 2 ձև,
- ենթակառուցվածքների նկարագրությունը,
- կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման, նախագծման, հեղինակային ու տեխնիկական հսկողության հավաստող ծախսերի անդորրագրերը,
- էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքների պայմանագրերը,
- ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված հողի/տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Էկոնոմիկայի նախարարությունը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքում է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։
Հղում օրենսդրությանը
2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն ՀՀ Կառավարության որոշում
2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն ՀՀ Կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06