Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա
Իրավաբանական անձը մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝
-
հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին,
-
ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածությանը,
-
ուսումնամեթոդական ապահովվածությանը,
-
գրադարանային-տեղեկատվական համակարգին,
-
պրակտիկայի հետ կապված պայմանագրերի առկայությանը բնագավառի բազային հաստատությունների հետ։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
լիցենզիա ստանալու հայտ,
-
հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է մագիստրոսի կրթական ծրագիրը,
-
տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին,
-
տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,
-
տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական հագեցվածության մասին,
-
տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության վերաբերյալ,
-
կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը,
-
սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերը,
-
տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին։
Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 19-ում։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Վճարման չափը և կարգը
Լիցենզավորման համար 300,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160453։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Հղում օրենսդրությանը
-
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
-
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43