Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել մասնագետների ներգրավման ծրագրին
Ծրագրի նպատակն է կազմակերպություններին աջակցել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման հարցում։ Կազմակերպությանը փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և այլ վճարների՝ արձակուրդայինների, հավելավճարների, պարգևավճարների 20%-ը (առավելագույնը 1 մլն դրամ) և վճարված եկամտային հարկը։
Մասնագետների ներգրավման ծրագրով աջակցություն ստանալու համար ծրագրի պայմաններին համապատասխանող կազմակերպությունները պետք է դիմեն ՀՀ էկոնմիկայի նախարարություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շրջանակներում աջակցություն կարող են ստանալ ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների, ովքեր․
- կազմակերպության կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել են ՀՀ տարածքից դուրս,
- ավարտել են ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել են բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի աստիճան,
- ունեն նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ընկերությունների կողմից թողարկված կամ դրանց մասը կազմող ընկերություններում։
Պահանջվող փաստաթղթերը
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- «Ներկայացվող պահանջները» բաժնում ներկայացված պայմաններին համապատասխանող բուհերից որևէ մեկում սովորած լինելու դեպքում՝ բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ նոտարական վավերացմամբ պատճենը,
- «Ներկայացվող պահանջները» բաժնում ներկայացված պայմաններին համապատասխանող ընկերություններում աշխատած լինելու դեպքում՝ պաշտոնական տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի այդ ընկերությունում տվյալ անձի աշխատելու տևողությունը, զբաղեցրած պաշտոնները, ղեկավար անձնակազմի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- դիմում-հայտ, որում պարտադիր նշված է ՀՀ-ում գտնվող ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները,
- մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը ՀՀ-ում գտնվող ընկերությունից,
- մասնագետի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- մասնագետի համաձայնությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ՊԵԿ-ի կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
Այլ մանրամասներ
- Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։
- Եթե բարձր որակավորում ունեցող մասնագետն ունի դոկտորի գիտական աստիճան, ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և այլ վճարների՝ արձակուրդայինների, հավելավճարների, պարգևավճարների 50%-ը (առավելագույնը 1․5 մլն դրամ)։
- Դոկտորի գիտական աստիճան ունեցող բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից հայկական բուհերում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և այլ վճարների՝ արձակուրդայինների, հավելավճարների, պարգևավճարների 70%-ը (առավելագույնը 2 մլն դրամ)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքայի օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1224-Լ որոշում
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06