Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողի երեխան ՀՀ քաղաքացի է
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե նրա երեխան հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացված էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ կացության վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը)՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը,
- ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
- ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց պատճենները, մահվան վկայականը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը դիտարկվում է 90 աշխատանքային օրվա ընթացքում։ Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն՝ իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64