ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ Հայաստան վերադարձի վկայական տեսակապով

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով։ Վկայականը ստանալու համար կարելի է դիմել նաև տեսակապով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
45,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա անձը կարող է տեսակապով դիմել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար։ Մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է նրա ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը։

Տեսակապով վերադարձի վկայականի դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով նախապես հայտ ներկայացնել ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում, որից հետո վարչության աշխատակիցը 2 օրվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով քաղաքացուն առաջարկում է տեսազանգն անցկացնելու օր և ժամ, տեղեկացնում անհրաժեշտ տեխնիկական պայմանների, ներկայացվող փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման պայմանների մասին։


Պահանջվող փաստաթղթեր

 

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի բնօրինակը: Նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում պետք է նաև ներկայացնել քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք։


ՀՀ քաղաքացու անձնագրի բացակայության (կորցված կամ գողացված լինելու) դեպքում՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • կորած կամ գողացված անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
  • տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում), 
  • հայաստանյան ծագում ունեցող անձը հաստատող այլ փաստաթղթեր՝ նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում)։


Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու դեպքում՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելու դեպքում դրա լուսապատճենը,
  • անձնագրի բացակայացության դեպքում կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը կամ դրա՝ նոտարի հաստատումով լուսապատճենները (առկայության դեպքում),
  • ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները,
  • ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։


Վճարման չափը և կարգը

Տեսակապով ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է վճարել 45,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց։



Տրամադրման ժամկետը

ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։


ՀՀ վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը

 

ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրվում է՝

  • նախկինում ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած ՀՀ քաղաքացիներին,
  • 16 տարին չլրացած և 63 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին,
  • այն անձանց, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, սակայն դեռ չեն ստացել այն,
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող քաղաքացիներին,
  • բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին (բազմազավակ են համարվում 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները),
  • առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին,
  • ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող կամ տեղափոխվող քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին,
  • հափշտակության կամ այլ հանցագործության, բնածին կամ տեխնածին աղետի, քաղաքական հուզումների կամ պատերազմական իրավիճակների արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված անձանց՝ տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կամ եթե դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ,
  • ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության երկրում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր