ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին

Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տալիս է մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև աշխատանք և փորձ ձեռք բերելու հնարավորություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Զբաղվածության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով տեղեկատվություն կրթության կամ մասնագիտական փորձի վերաբերյալ։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում առաջարկվում է 3 տեսակի աջակցություն։

Աջակցություն 1 - Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում

  • Մասնագիտական ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս և կազմակերպվում է գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում կամ գործատուի մոտ, եթե վերջինս համապատասխանում է ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին։
  • Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո դիմող անձի և գործատուի միջև կնքվում է առնվազն 3-ամսյա ժամկետով աշխատանքային պայմանագիր։

Աջակցություն 2 - Վճարվող աշխատանքային փորձ և աշխատանքի տեղավորում

  • Այս աջակցության շրջանակում դիմող անձի և գործատուի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։
  • Առաջին 3 ամիսն ուղղվում է դիմողի՝ աշխատանքային փորձ ձեռք բերելուն։
  • Աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո անձը մյուս 3 ամսվա ընթացքում շարունակում է աշխատել գործատուի մոտ՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքները։

Աջակցություն 3 - Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային փորձ և աշխատանքի տեղավորում

  • Մասնագիտական ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս և կազմակերպվում է գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում կամ գործատուի մոտ, եթե վերջինս համապատասխանում է ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին։
  • Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո դիմողի և գործատուի միջև կնքվում է առնվազն 6-ամսյա ժամկետով աշխատանքային պայմանագիր։
  • Առաջին 3 ամիսն ուղղվում է դիմողի՝ աշխատանքային փորձ ձեռք բերելուն։
  • Աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո անձը մյուս 3 ամսվա ընթացքում շարունակում է աշխատել գործատուի մոտ՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքները։

Ներկայացվող պահանջները

  • Ծրագրի շահառու կարող են դառնալ միայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք։
  • Բանկային հաշիվ չունենալու դեպքում ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո անձը պետք է եռօրյա ժամկետում բացի բանկային հաշիվ և դրա վերաբերյալ տվյալները ներկայացնի Միասնական սոցիալական տարածքային կենտրոն։
  • Ծրագրում որպես գործատու կարող են ներգրավվել բոլոր այն կազմակերպությունները (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները), որոնք ունեն թափուր աշխատատեղեր` բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների։


Աջակցության չափը

Մասնագիտական ուսուցման համար աջակցությունը տրամադրվում է դիմող անձին, իսկ աշխատանքային փորձի և աշխատանքի տեղավորման համար՝ գործատուին հետևյալ կերպ․

  • աշխատողին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ կրթաթոշակ մասնագիտական ուսուցման համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում դասերին մասնակցած օրերի),
  • աշխատողին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ ուսման վարձի վճարման համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում դասերին մասնակցած օրերի),
  • գործատուին՝ ամսական 50,000 դրամ՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկված հարկերը վճարելու համար (եկամտային հարկ, դրոշմանիշային վճար, սոցիալական վճար),
  • գործատուին՝ ամսական 165,000 դրամ աշխատանքային փորձ ձեռք բերելու ամիսներին անձին աշխատավարձ վճարելու համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում լրիվ աշխատած օրերի): Ընդ որում՝ եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության կամ նպատակային արձակուրդում, տվյալ ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։

Ուշադրություն
Անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև դրա ժամկետի լրանալը լուծելու և նոր պայմանագիր չկնքելու դեպքում գործատուն պետք է Միասնական սոցիալական ծառայությանը վերադարձնի անձին ուսման վարձի փոխհատուցման համար կամ որպես կրթաթոշակ կամ աշխատավարձ վճարված գումարները։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Մասնագիտական ուսման վարձի 50,000 դրամ ամսական փոխհատուցումը և 50,000 դրամ ամսական կրթաթոշակը տարածքային կենտրոնի կողմից անձին է տրամադրվում բանկային փոխանցման միջոցով՝ ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Գործատուին անձի աշխատավարձը (ամսական առավելագույնը 165,000 դրամ) և դրանից հաշվարկվող հարկերը (ամսական առավելագույնը 50,000 դրամ) փոխհատուցելու համար աջակցությունը փոխանցվում է տարածքային կենտրոնի կողմից՝ գործատուի հարկերի աշխատավարձի վճարման մասին տեղեկատվության տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր