ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Ստանալ բնակարանի և բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման աջակցություն

Պետությունն աջակցում է բնակարանների և տների էներգախնայող վերանորոգմանը: Այս ծրագրով վերանորոգման վարկերի տոկոսները վճարվում են պետության կողմից՝ առավելագույնը 7 տարի ժամկետով: Սա թույլ է տալիս բնակիչներին իրականացնել էներգաարդյունավետ վերանորոգումներ՝ առանց լրացուցիչ տոկոսավճարների բեռի:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-40 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր
Սուբսիդավորումը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որն աջակցության ծրագրի շրջանակներում համագործակցում է պետության հետ։

Ծրագրի մասին

Վերանորոգման վարկի մի մասը պետք է ուղղվի էներգախնայողության բարելավմանը: Բնակարանների դեպքում դա առնվազն 20%-ն է, իսկ անհատական տների համար՝ առնվազն 30%-ը: Այս գումարը պետք է ծախսվի էներգիայի այլընտրանքային աղբյուրների վրա: Տների դեպքում կարելի է նաև ներդրում անել արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացման մեջ: 

Աջակցության ծրագիրը գործում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։


էներգաարդյունավետության չափանիշներին համապատասխանող են դիտարկվում հետևյալ միջոցառումները՝

  • պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում,
  • էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում,
  • արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
  • ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
  • հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում,
  • արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում,
  • լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:

Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը: Կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը չի համարվում էներգաարդյունավետ միջոցառում:

Վարկի ծախսային ուղղությունների առնվազն 80%-ը և էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100%-ը պետք է հիմնավորվեն վճարումը հավաստող փաստաթղթերով (վճարման հանձնարարական, ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագրերով վճարում, բանկային կամ քարտային փոխանցում, ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ընդունման-հանձնման փաստը հավաստող փաստաթուղթ)։
 

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավում են վարկային միջոցներ:

Ուշադրություն

Աջակցությունը ստանալու համար հնարավոր է դիմել կառուցապատողի կողմից բնակարանի ավարտական ակտը ունենալուց հետո։ 

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերը ներկայացվում են ըստ բանկի կամ վարկային կազմակերպության պահանջների, որոնցից բացի պետք է ներկայացնել նաև՝
  • վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը,
  • մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի (բնակելի տան) համար տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)՝ 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ։ 

Հարկ է նշել, որ բանկ կամ վարկային կազմակերպություն պետք է ներկայացնել նաև էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքների նախնական հաշվարկը և նախատեսվող վերանորոգման ծավալը (օրինակ՝ սալիկների քանակ, միջսենյակային դռների քանակ, պատերի ներկ և այլն)։

Աջակցության չափը

Վարկի սահմանաչափը կազմում է՝

  • առավելագույնը 7 մլն դրամ՝ բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման համար,
  • առավելագույնը 10 մլն դրամ՝ անհատական բնակելի տների համար։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը բանկը կամ վարկային կազմակերպությունը էլեկտրոնային փոստի միջոցով նախարարություն է ներկայացվում սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ՝ կցելով վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերով սահմանված վարկի մարման ժամանակացույցերը, փաստաթղթերի պատճենները։
  • Նախարարությունը հայտը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը որոշմամբ և սահմանված կարգով և ժամկետում ապահովում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին:
  • Վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ` կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ չեն գանձվում:
  • Վարկը կարող է տրամադրվել միանվագ կամ առանձին փուլերով՝ միայն անկանխիկ եղանակով:

Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

  • վարկի ամբողջական մարման դեպքում,
  • վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում,
  • վարկառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրվելու դեպքերում,
  • բնակարանի (բնակելի տան) վերանորոգման աշխատանքները վարկի ամբողջական տրամադրումից առավելագույնը 12 ամիս հետո ավարտված չլինելու դեպքում,
  • վարկի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,
  • վարկառուի կողմից ծրագրի շրջանակներում մեկից ավելի անգամ օգտվելու նպատակով այլ ֆինանսական կառույցից վարկ ստանալու դեպքում:

Ուշադրություն

Սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե։

Հղում օրենսդրությանը 

ՀՀ կառավարության՝ 2022 թվականի մայիսի 26-ի N 775-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր