Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Երևանում և որոշ մարզերում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Ուշադրություն
Առաջին անգամ անձնագիր ստանալու համար անձը պետք է այցելի իր գրանցման վայրի անձնագրային բաժանմունք։
Ներկայացվող պահանջները
Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
- գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- նույնականացման քարտ կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր կամ ծննդյան վկայական,
- 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
- առաջին անգամ անձնագիր ստանալիս պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
16-18 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ կամ անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝
- իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ, եթե ծնողներից մեկն օտարերկրյա քաղաքացի է։
Արական սեռի քաղաքացիները զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնեն նաև՝
- զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանք։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրվանից հետո։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է անձնագիր ձեռք բերելու համար։
Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։
Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝
- 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,
- 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում՝ վճարային տերմինալի միջոցով։
Ընդ որում՝ ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում ելքի վիզայի անհրաժեշտություն չկա (անձնագրում դրվող կլոր կնիք)։
Հղում օրենսդրությանը
- «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64