ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրում

Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
25,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 20 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում.
• դիմում` օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին` համաձայն ձևի.
• օտարերկրացու անձնագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ընդ որում` անձնագրի վավերականության ժամկետն առնվազն վեց ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետը.
• օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված (եթե թափուր աշխատատեղը համալրելու համար պահանջվում է մասնագիտական կրթություն, որակավորում) կամ oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին.
• օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար.
• «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող օտարերկրացի աշխատողի համար մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթի փոխարեն գործատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության համար տրամադրված թույլտվության էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

Ժամկետները՝

Թափուր աշխատատեղի վերաբերյալ գործատուի կողմից ներկայացված տեղեկատվությունը ստանալուց հետո գործակալությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) այն մուտքագրում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան.
2) կատարում է տվյալների համադրում և դրա արդյունքում տվյալ թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) ուղեգրում գործատուի մոտ
Գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը` կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
Եթե գործատուն նախարարությունից համապատասխան տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրում է աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը և (կամ) վերացնում է դրանցում առկա թերություններն ու ներկայացնում է նախարարություն, ապա փաստաթղթերի ներկայացման օր է համարվում փաստաթղթերն առաջին անգամ նախարարություն ներկայացնելու օրը: Նշված ժամկետը չպահպանելու դեպքում փաստաթղթերի ներկայացման օր է համարվում թերի փաստաթղթերի լրացման օրը:
Նախարարը կամ նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն ընդունում է որոշում` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին` աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը որոշումն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ԱՍՀ նախարարությունն առձեռն փոխանցում է գործատուին կամ ուղարկում է նրան փոստով` պատվիրված նամակով:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Առցանց բանկային փոխանցումների միջոցով

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005001129
Նպատակ դաշտում նշելով՝
Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության ձեռքբերում

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները և զարգացումները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.
բ) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
գ) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.
դ) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.
ե) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող պատճառներ.
զ) գործատուն չունի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր