ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Բողոքարկել դատարանի վճիռը

Դատարանի վճիռը դատական գործը լուծող վերջնական ակտն է, որը կայացվում է առաջին ատյանի դատարանի կողմից։ Հնարավոր են դեպքեր, երբ վճռի կայացման արդյունքում խախտվում են կողմերի իրավունքներն ու շահերը, ուստի քաղաքացիներն ունեն դատական ակտերը բողոքարկելու հնարավություն։

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը կարող է բողոքարկվել և քննվել 3 մակարդակով հետևյալ կառուցների կողմից՝

  • վերաքննիչ դատարան,

  • վճռաբեկ դատարան,

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
սկսած 3,000 դրամից՝ կախված դեպքից

Ուշադրություն
Բողոքի ներկայացման կարգը և պահանջվող փաստաթղթերը կարող են տարբերվել՝ կախված գործի բնույթից և դատավարության տեսակից՝ քրեական, քաղաքացիական, վարչական, հակակոռուպցիոն։

Վերաքննիչ բողոքի ներկայացում

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը հնարավոր է բողոքարկել վերաքննիչ դատարանում, եթե բողոքը ներկայացնողը գործի քննության ընթացքում դատարանում արդեն արտահայտել է բողոքում արտահայտված իր դիրքորոշումը։

Վերաքննիչ բողոքը կարող է ներկայացվել վճռի հրապարակման օրվանից հետո 1 ամսվա ընթացքում՝ մինչև օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում քննվում են դատական պրոցեսում արդեն ներկայացված նյութերը՝ առանց հավելյալ ապացույցներ և հիմնավորումներ ներկայացնելու հնարավորության։


Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները

Բողոքը կազմվում է գրավոր և անձամբ կամ փոստի միջոցով ուղարկվում դատարան։ Բողոքը պետք է ներառի տեղեկատվություն հետևյալի մասին՝

  • այն դատարանի անվանումը, ուր ներկայացվում է բողոքը,

  • գործի մասնակիցների անունները,

  • այն դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը,

  • գործի համարը,

  • վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

  • առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները, որոնք հիմք են եղել անարդար դատական ակտի կայացման համար,

  • բողոքի պահանջը և անհրաժեշտ փաստաթղթերը: 

Բողոքը բավարարելու դեպքում վերաքննիչ դատարանը կարող է գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ փոփոխել ստորադաս դատարանի վճիռը։


Վճռաբեկ բողոքի ներկայացում

Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի՝ դեռևս ուժի մեջ չմտած ակտերը, որոնք վերաբերում են իրավունքների կոպիտ խախտման դեպքերին։ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար։

Դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարանում, եթե նույն հիմքերով այն չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում։


Վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջները

Բողոքը կազմվում է գրավոր և անձամբ կամ փոստի միջոցով ուղարկվում դատարան։ Բողոքը պետք է ներառի տեղեկատվություն հետևյալի մասին՝

  • այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը,

  • տվյալներ բողոքը ներկայացնող անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը (օրինակ՝ հայցվոր, պատասխանող, դատախազ), բնակության կամ գտնվելու վայրը,

  • բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը,

  • նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին,

  • բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները,

  • բողոքին կցվող նյութերի ցանկը,

  • բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

Գործի քննության արդյունքում վճռաբեկ դատարանը կարող է ուժի մեջ թողնել ստորադաս դատարանի կողմից կայացրած ակտը, ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել վերաքննիչ դատարանի ակտը և հաստատել առաջին ատյանի դատարանի վճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, և այլն:

Վճռաբեկ դատարանի ընդունած ակտը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:   


Դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Պետությունների և քաղաքացիների միջև առկա վեճերը քննում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռաբեկ դատարանի կողմից վճիռն ընդունելուց հետո 6-ամսյա ժամկետում։ 

Ներկայացվում է համանման բողոք, որը չի պարունակում գործին վերաբերող նոր փաստեր։ Բողոքն ուղարկվում է ֆիզիկապես՝ փոստի միջոցով, կամ առցանց եղանակով։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ դատական օրենսգիրք (հնարավոր է գտնել arlis.am-ում)
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 09:00 - 18:00

Հեռախոսահամար`
+374 10 511 776

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ դատական իշխանություն
Այս էջը օգտակա՞ր էր