ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Տեսակապով դիմել և ստանալ մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիր արտասահմանում

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։

16 տարին չլրացած անձին արտասահմանում տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։ Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում 16 տարին չլրացած անձի անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
90,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Առցանց տեսազանգ ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և ընտրել հասանելի օրերից ու ժամերից մեկը։

 

Դիմումի ընթացքը

  • Նախատեսված օրը և ժամին տեղի է ունենում տեսազանգը, որի ժամանակ ստուգվում է դիմողի ինքնությունը (տեսազանգը ձայնագրվում և պահպանվում է)։
  • Անձի նույնականացումից հետո դիմողը փոստային առաքմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ուղարկում պահանջվող փաստաթղթերը։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձնագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՆ հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով (անհատական փոստային առաքում կատարելու համար վճարում է դիմողը)։
  • Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։

 

Պահանջվող փաստաթղթեր

Տեսակապով նույնականացվելուց հետո անձը պետք է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաղթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության վկայականը և ներկայացվող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
  • նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,

  • դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
  •  35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

 

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Եթե դիմողը 16-18 տարեկան է և չունի նույնականացման քարտ՝

  • իր և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի կամ ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։

 

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝ 

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։

Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի՝

  • ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։

 

Ուշադրություն

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն առանց ջնջումների, որպեսզի անձնագիր տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն։

 

Վճարման չափը և կարգը

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

 

Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր