ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Վավերացնել միջազգային փաստաթղթերը (Apostille)

Ապոստիլը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիա 3-րդ հոդվածով նախատեսված հավաստագիր է, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։ 2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունը մեկնարկել է երկլեզու (հայերեն, անգլերեն) էլեկտրոնային ապոստիլի շրջանառությունը և այդ օրվանից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը վավերացվում են բացառապես էլեկտրոնային ապոստիլով, որն ինքնաշխատ կերպով պատրաստվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով (Արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն համատեղ հրամանով, այսուհետ՝ Համատեղ հրաման):
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
7000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1 օր

Անհրաժեշտ փաստաթղթեր

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի և Համատեղ հրամանի համաձայն՝ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար դիմումն Արդարադատության նախարարություն է ներկայացվում առձեռն, առցանց կամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված օպերատորների միջոցով: 
Դիմումին կից ներկայացվում են.
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, 
- ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, 
- պետական տուրքի վճարման անդորրագիրը: 

Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով, այն դեպքում, եթե ապոստիլով վավերացվում է էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը, որի էլեկտրոնային բնօրինակը հասանելի է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին: Նշված վավերապայմանների որևէ մեկի բացակայության դեպքում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են առձեռն:
Առցանց դիմում ներկայացնելու պարագայում դիմումին կցվում է հաստատման ենթակա էլեկտրոնային փաստաթուղթը, դիմողի անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը կամ լուսանկարը, պետական տուրքի վճարման հավաստումը: Հաստատման ենթակա էլեկտրոնային փաստաթուղթը կցելու փոխարեն դիմումատուի կողմից կարող է նշվել վերջինիս վրա զետեղված 16-նիշանոց հսկիչ համարը, որի միջոցով էլեկտրոնային փաստաթուղթը ինքնաշխատ կերպով կվերբեռնի համակարգից: Ապոստիլով վավերացվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի հսկիչ համարը նշվել է դիմողի կողմից:
Էլեկտրոնային համակարգի միջոցով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին են ուղարկվում էլեկտրոնային ապոստիլը, ապոստիլով վավերացումը մերժելու մասին պատասխանը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ գրություններն ու տեղեկանքները:
Պաշտոնական փաստաթղթի սքանավորված, լուսանկարված տարբերակը սույն հավելվածի իմաստով էլեկտրոնային փաստաթուղթ չի համարվում:

Էլեկտրոնային ապոստիլ

Ապոստիլի վրա «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով զետեղվում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնի ապոստիլի վավերացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ՝ ստորաբաժանման աշխատակցի (լիազորությունների պատվիրակում) էլեկտրոնային ստորագրությունը, ստորաբաժանման էլեկտրոնային կնիքը (ՓիԴիԷֆ ֆորմատով, սքանավորված) և համակարգի միջոցով գեներացվող 16-նիշանոց հսկիչ համարը (tracking number) և արագ արձագանքման ծածկագիրը (QR code):
Ապոստիլի իսկությունը կարող է ստուգվել վերոնշյալ հսկիչ համարը մուտքագրելով պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում՝ www.e-verify.am, կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

Ի գիտություն

Արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, որի մասին սահմանված կարգով տեղեկացվում է դիմումատուին

Դիմումը երրորդ անձանց միջոցով ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր