ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ներկայացնել հանրագիր (պետիցիա)

Հանրագիրը պետական և տեղեկան մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ առաջարկություն է։ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է ներկայացնել անhատական կամ կոլեկտիվ հանրագիր, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Հանրագիր ներկայացնելու համար նախ պետք է գրանցվել հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում։ Գրանցման համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային նույնականացման քարտ (eID) կամ բջջային նույնականացման քարտ (mID)։

Էլեկտրոնային նույնականացման քարտի (eID) օգնությամբ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • այցելել հանրագիր․հայ,

  • սեղմել էկրանի աջ անկյունում «Մուտք»  կոճակը,

  • նույնականացման քարտը տեղադրել քարտ կարդացող սարքի մեջ,

  • սեղմել «Մուտք» կոճակը և առաջարկվող մուտք գործելու եղանակներից ընտրել «eID» տարբերակը,

  • մուտքագրել նույնականացման քարտի համարը և Էլեկտրոնային փոստի հասեցեն,

  • գրանցումը ավարտելու համար ստուգել էլեկտրոնային փոստի հասցեն, որին համակարգի կողմից ուղարկվել է հղում,

  • անցնել հղումով գրանցման գործընթացը ավարտելու համար։

Բջջային նույնականացման քարտի (mID) օգնությամբ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․

  • այցելել հանրագիր․հայ,

  • սեղմել էկրանի աջ անկյունում «Մուտք» կոճակը,

  • առաջարկվող մուտք գործելու եղանակներից ընտրել «mID» տարբերակը,

  • մուտքագրել բջջային նույնականացման քարտի համարը,

  • սեղմել «Ուղարկել վավերացման» կոճակը,

  • հաստատել բջջային հեռախոսի վրա ուղարկված հարցումը,

  • մուտքագրել բջջային նույնականացման քարտի ծածկագիրը և էլեկտրոնային փոստի հասցեն,

  • գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ է ստուգել էլեկտրոնային փոստի հասցեն, որին համակարգի կողմից ուղարկվել է հղում,

  • անցնել այդ հղումով գրանցման գործընթացը ավարտելու համար։

Ինչպե՞ս ներկայացնել հանրագիր

Քայլ 1 – Նախաձեռնողի տվյալներ

  • մուտք գործել հարթակ,

  • սեղմել գլխավոր էջի «Ստեղծել նոր հանրագիր» կոճակը։

Եթե հանրագիրը ներկայացվում է անհատական կերպով, անհրաժեշտ է.

  • «Ներկայացման եղանակը» դաշտում ընտրել «Ներկայացնում եմ իմ անունից» տարբերակը,

  • «Գլխավոր նախաձեռնողի տվյալները» բաժնում լրացնել հանրագիր ներկայացնողի հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև հեռախոսահամարը:

Եթե հանրագիրը ներկայացվում է այլ ֆիզիկական անձի անունից, անհրաժեշտ է․

  • «Ներկայացման եղանակը» դաշտում ընտրել «Լիազորված եմ այլ անձի կողմից» տարբերակը,

  • «Գլխավոր նախաձեռնողը» դաշտում ընտրել «Ֆիզիկական անձ է» տարբերակը,

  • «Պատասխանատու անձի տվյալները» բաժնում լրացնել հանրագիրը լրացնողի հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև հեռախոսահամարը,

  • «Գլխավոր նախաձեռնողի տվյալները» բաժնում լրացնել հանրագրի գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,

  • վերբեռնել լիազորագիրը, որով գլխավոր նախաձեռնողը լիազորել է հանրագիր լրացնողին իր անունից հանձնել հանրագիրը և հանդիսանալ հանրագրի պատասխանատու անձ:

Եթե հանրագիրը ներկայացվում է իրավաբանական անձի անունից, ապա անհրաժեշտ քայլերն են․

  • «Ներկայացման եղանակը» դաշտում ընտրել «Լիազորված եմ այլ անձի կողմից» տարբերակը,

  • «Գլխավոր նախաձեռնողը» դաշտում ընտրել «Իրավաբանական անձ է» տարբերակը,

  • «Պատասխանատու անձի տվյալները» բաժնում լրացնել հանրագիր լրացնողի հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև հեռախոսահամարը,

  • «Գլխավոր նախաձեռնողի տվյալները» բաժնում լրացնել հանրագրի գլխավոր նախաձեռնող հանդիսացող կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անվանումը, իրավաբանական հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,

  • վերբեռնել լիազորագիրը, որով գլխավոր նախաձեռնող հանդիսացող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը լիազորել է կազմակերպության անունից հանձնել հանրագիրը և հանդիսանալ հանրագրի պատասխանատու անձ:

Քայլ 2 – Հանրագրի բովանդակություն

  • «Հանրագրի տեսակը» դաշտում նշել հանրագրի տեսակը՝ կոլեկտիվ կամ անհատական,

  • «Հրապարակայնությունը» դաշտում նշել հանրագիրը հրապարակային է, թե՝ ոչ,

  • «Հանրագրի բովանդակությունը» բաժնում լրացնել «Ներկայացվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը», «Ոլորտը», «Հանրագրի վերնագիրը» և «Հանրագրով ներկայացվող առաջարկը» դաշտերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև «Պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը» և «Հանրագրով ներկայացվող հիմնավորումը» դաշտերը,

  • անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև վերբեռնել փաստաթղթեր:

Քայլ 3 – Ստուգել տվյալները

Այս քայլով անհրաժեշտ է ստուգել լրացված տվյալները: Եթե տվյալները ճիշտ են լրացված, ապա անցում կատարել հաջորդ քայլին: Իսկ սխալների դեպքում վերադառնալ նախորդ քայլեր և կատարել անհրաժեշտ ուղղումները:

Քայլ 4 – Ստորագրել և հանձնել

Հանրագիրը հանձնելու համար պետք է ներբեռնել լրացված տվյալների հիման վրա գեներացված PDF ֆորմատի ֆայլը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այն և ստորագրված ֆայլը համակարգ վերբեռնելուց հետո սեղմել «Հանձնել» կոճակը:

Ինչպե՞ս միանալ հրապարակային հանրագրին կամ հրաժարվել հրապարակային հանրագրից


Հնարավոր է միանալ հրապարակային հանրագրին էլեկտրոնային միասնական հարթակում հրապարակվելուց հետո` 30-օրյա ժամկետում:

Հրապարակային հանրագրին միանալու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  • մուտք գործել հանրագիր․հայ,

  • բացել այն հանրագիրը, որին օգտատերը ցանկանում է միանալ,

  • սեղմել «Միանալ հանրագրին» կոճակը և հաստատել գործողությունը:

Հրապարակային հանրագրի աջակցությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  • մուտք գործել հանրագիր․հայ,

  • բացել այն հանրագիրը, որին աջակցելուց օգտատերը ցանկանում է հրաժարվել,

  • սեղմել «Հրաժարվել հանրագրից» կոճակը և հաստատել գործողությունը:

Ծառայությունը մատուցող՝
Հանրագրերի միասնական հարթակ
Այս էջը օգտակա՞ր էր