Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 09, 2026
Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր կարգ. ի՞նչ է փոխվում
2026 թվականի ապրիլի 1-ից էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը պետական գրանցման ժամանակ կհաշվարկվի նոր եղանակով։ Սա կարևոր փոփոխություն է, քանի որ հենց այս տվյալներն են հիմք դառնում էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկման համար։
Նախկինում էլեկտրամոբիլների հզորությունը հաշվարկվում էր ձիաուժի հիման վրա, սակայն ապրիլի 1-ից հաշվարկվելու է ավտոմեքենայի էլեկտրոնային անձնագրի կամ հատուկ բանաձևի միջոցով։
Առաջին հերթին հիմք է ընդունվում տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում առկա տվյալը։ Եթե այնտեղ հզորության վերաբերյալ տվյալներ չկան, հզորությունը որոշվում է հատուկ բանաձևով՝ կախված մեքենայի պիկային հզորությունից և գործակիցներից․
- մինչև 250 ձիաուժի դեպքում՝ ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի,
- 250 ձիաուժից ավելիի դեպքում` մինչև 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ 250-ը գերազանցող մասը՝ 2.5 գործակցի։
Օրինակ՝ 2025 թվականի արտադրության 218 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլի համար գործող կարգով վճարվում է մոտ 133,400 դրամ գույքահարկ, իսկ նոր հաշվարկով այն կկազմի մոտ 43,500 դրամ
Եթե արդեն ունեք գրանցված էլեկտրամոբիլ, տվյալների փոփոխությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով։ Գույքահարկի այս հաշվարկը գործելու է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Էլեկտրամեբիլների այլ արտոնյությունների վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության ուղեցույցում։