Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մայիսի 16, 2025
Վարորդական իրավունքի քննությունը հնարավոր կլինի վերահանձնել հաջորդ օրը
2025 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։
Ներկայումս վարորդական վկայական ստանալու քննությունից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող է կրկին հերթագրվել քննությանը 1 շաբաթ անց: Սակայն դիմողների մեծ թվով պայմանավորված՝ բազմաթիվ դիմումների հիման վրա որոշվել է ներդնել արագացված ծառայություն՝ հավելյալ վճարի դիմաց:
Նոր կարգի համաձայն՝ եթե քաղաքացին բացասական գնահատականը ստացել է առաջին անգամ, ապա նա կկարողանա քննությունը վերահանձնել՝
- հաջորդ օրը՝ վճարելով 45,000 դրամ,
- 3-րդ օրը՝ վճարելով 30,000 դրամ:
Սա հավելյալ հնարավորություն է, և հերթագրման ստանդարտ 7-օրյա ժամկետը պահպանվում է:
Ընդ որում՝ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կկարողանա քննությունը վերահանձնելու համար հերթագրվել՝
- երկրորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում՝ քննության 7-րդ օրը,
- յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում՝ քննության 14-րդ օրը:
Հիշեցնենք, որ նշված բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Վարորդական իրավունքի ստացման, տրամադրման, վերաթողարկան, տեսական և գործնական քննությունների վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության ուղեցույցում։