Գրանցման գործընթացի տևողությունը կախված է մտավոր սեփականության տեսակից։
Որոշ դեպքերում դա կարող է տևել մի քանի ամսից մինչև մի տարի՝ կախված ընթացքում հանդիպող խոչընդոտներից։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը
Մտավոր սեփականությունը օրենքով ամրագրված իրավունքն է, որը վերաբերում է արդյունաբերական սեփականությանը (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ, աշխարհագրական նշումներ) կամ հեղինակային իրավունքին (վեպեր, պոեմներ, ֆիլմեր, երաժշտական ստեղծագործություններ, գծանկարներ, նկարներ, լուսանկարներ ու քանդակներ, ինչպես նաև՝ ճարտարապետական ստեղծագործություններ)։
Այս ուղեցույցում կգտնեք մտավոր սեփականության իրավունքի տեսակների, դրանց առանձնահատկությունների և գրանցման մասին բոլոր մանրամասները։
- Ձեր մտավոր սեփականությունը պաշտպանելու համար հնարավոր է այն առցանց կամ ֆիզիկապես գրանցել մի քանի քայլով՝ դիմելով մտավոր սեփականության գրասենյակ։
- Մինչև մտավոր սեփականության գրանցումը, կարող եք տեղեկանալ գրանցման գործընթացում Ձեր իրավունքների, դրանց խախտումների և պաշտպանության մասին։
- Կարող եք ծանոթանալ մտավոր սեփականության տեսակներին և դրանց առանձնահատկություններին։
Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը
Քայլ 1
Ընտրեք մտավոր սեփականության տեսակը
Որոշեք՝ ինչ եք ցանկանում գրանցել՝ ստեղծագործություն, լոգո, անվանում, արդյունաբերական նմուշ, թե այլ տեսակ։
Քայլ 2
Կատարեք նախնական ստուգում
Ստուգեք՝ արդյո՞ք նմանատիպ մտավոր սեփականություն արդեն գրանցված է կամ այն օգտագործվում է ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս։
Քայլ 4
Ներկայացրեք հայտը
Դիմումը ներկայացրեք առցանց կամ ֆիզիկապես՝ կախված մտավոր սեփականության տեսակից։
Քայլ 5
Վճարեք պետական տուրքը
Վճարեք սահանված պետական տուրք՝ կախված մտավոր սեփականության տեսակից և հայտատուից։
Քայլ 6
Ստացեք գրանցման վկայականը
Դիմումի դիտարկումից և հաստատվելուց հետո ստացեք պաշտոնական վկայական, որը հաստատում է Ձեր իրավունքները։
Ի՞նչ է պետք իմանալ մտավոր սեփականության իրավունքը գրանցելիս
Մտավոր սեփականության գրանցման գործընթացը
ՀՀ-ում մտավոր սեփականության գրանցմամբ զբաղվում է Մտավոր սեփականության գրասենյակը։
Մտավոր սեփականության իրավունքի գրանցումը՝
- Արգելում է այլ անձանց օգտագործել գրանցված մտավոր սեփականությունը՝ առանց թույլտվության,
- հեշտացնում է վեճերի լուծումը,
- բարձրացնում է բիզնեսի վստահելիությունը,
- թույլ է տալիս վաճառել կամ լիցենզավորել իրավունքը։
Խորհուրդ է տրվում ցանկացած փոփոխության դեպքում Մտավոր սեփականության գրասենյակ ներկայացնել համապատասխան դիմում։
Ընդ որում՝ եթե փոփոխությունը էական չէ, այն կարող է գրանցվել փոփոխության դիմումի հիման վրա, իսկ Էական փոփոխությունների դեպքում (օրինակ՝ փոխվել է ապրանքային նշանի արտաքին տեսքը) կարիք կլինի ներկայացնել նոր ապրանքային նշանի հայտ։
Մտավոր սեփականության իրավունքի գրանցումը անձի կամ բիզնեսի ընտրությունն է։
Փոքր բիզնեսի, ֆրիլանսերների համար ևս գրանցումը պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում, հատկապես եթե ունեք լոգո, բրենդ, կայք կամ դիզայն և չեք ուզում, որ որևէ մեկն օգտագործի դրանք։
Մտավոր սեփականության գրանցումը տալիս է հավելյալ իրավունքներ։
Այո՛, մտավոր սեփականությունը կարող է գրանցել նաև ֆիզիկական անձը՝ առանց իրավաբանական անձ լինելու։
Գրանցումը կարող եք կատարել անձամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելով և ներկայացնելով կամ դիմելով մասնագետին։
Մասնագետին կարող եք դիմել, եթե՝
-
ցանկանում եք ստանալ նախնական խորհրդատվություն և վստահ չեք, որ անձամբ կարող եք գրանցել մտավոր սեփականությունը,
-
ապրանքային նշանը նախատեսվում է գրանցել միջազգային շուկաներում,
-
արդեն առկա է նմանատիպ գրանցված նշան, և կա մերժման ռիսկ,
-
արդեն ստացել եք մերժում կամ առարկություն պետական մարմնից։
Իրավունքներ, խախտումներ և պաշտպանություն
Գրանցումից հետո կարող եք՝
- Արգելել կամ թույլատրել ուրիշներին օգտագործել ձեր մտավոր սեփականությունը,
- փոխանցել կամ վաճառել իրավունքները,
- տրամադրել օգտագործման լիցենզիա,
- պաշտպանել Ձեր իրավունքները ցանկացած պետական մարմնում։
Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, հեղինակային իրավունքը դիզայներինն է։
Խորհուրդ է տրվում ունենալ պայմանագիր կամ գրավոր համաձայնություն իրավունքների փոխանցման վերաբերյալ։
Եթե աշխատանքը ստեղծվել է թիմով, ապա նշվում են բոլոր համահեղինակները կամ իրավունքը փոխանցվում է մեկ անձի կամ կազմակերպության՝ համաձայն պայմանագրի։
Հիմնականում մտավոր սեփականության իրավունքը համարվում է գործատուինը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
Այո՛, մտավոր սեփականության իրավունքները կարող են փոխանցվել և ամբողջությամբ կամ մասամբ վաճառվել պայմանագրով։
Այո, լիցենզավորումը թույլ է տալիս մեկ ուրիշին օգտագործել ձեր աշխատանքը որոշակի պայմաններով՝ առանց սեփականության փոխանցման։
Ձեր ստեղծագործության ցանկացած օգտագործումը առանց թույլտվության՝ վաճառք, պատճենում, հրապարակում կամ փոփոխում, համարվում է Ձեր մտավոր սեփականության իրավունքի խախտում։
Մտավոր սեփականության իրավունքի գրանցումը կօգնի ապացուցել Ձեր իրավունքը։ Հնարավոր է կարիք լինի բողոքարկումների, նախադատական քայլերի կամ դատական պաշտպանության։
Ներկայացված հայտի մերժման դեպքում հնարավոր է՝
- լրացնել կամ ուղղել դիմումը,
- կրկին ներկայացնել,
- դիմել մասնագետի խորհրդատվությանը։
Մտավոր սեփականության ի՞նչ տեսակներ կան և ինչպե՞ս դրանք գրանցել
Մտավոր սեփականության յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները՝ գրանցման եղանակ, պահանջվող փաստաթղթեր, տրամադրման և վկայագրի գործունեության ժամկետներ և այլն։
Մինչև գրանցման գործընթացը սկսելը, անհրաժեշտ է ծանոթանալ բոլոր մանրամասներին։
Մտավոր սեփականությունը բաժանվում է 2 հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Ամենատարածված տեսակները 5-ն են՝
- Ապրանքային նշան` բիզնեսի անվանում, լոգո, կարգախոս։
- Գյուտեր` նոր տեխնիկական լուծումներ կամ գյուտեր։
- Արդյունաբերական դիզայն` ապրանքի արտաքին տեսք, ձևավորում։
- Աշխարհագրական նշումներ` ծագման տեղանուն, երաշխավորված ավանդական արտադրանք։
- Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ` գրական, երաժշտական, գրաֆիկական ստեղծագործություններ։
Մինչև մտավոր սեփականության իրավունքի գրանցումը, անհրաժեշտ է՝
- պարզել դրա տեսակը,
- ազգային կամ միջազգային ընթացակարգով ստուգել ապրանքային նշանի, գյուտի, արդյունաբերական դիզայնի առկայությունը կամ օգտագործումը։
Այս պահին առցանց հնարավոր է գրանցել ապրանքային նշանը, գյուտը և արդյունաբերական նմուշը։
Մտավոր սեփականության մյուս տեսակները հնարավոր է անձամբ կամ մասնագետի միջոցով գրանցել ֆիզիկապես՝ դիմելով մտավոր սեփականության գրասենյակ։
Մտավոր սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացվող հայտը պետք է լինի հայերեն։
Ընդ որում՝ հայտի մյուս փաստաթղթերը կարող են կցվել նաև այլ լեզվով, բայց հայտը ներկայացնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի հայերեն թարգմանությունները ևս։
Ֆիզիկական անձինք և մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք uահմանված պետական տուրքերը վճարում են 75% զեղչով, իuկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50% զեղչով։
Ապրանքային նշան
Ապրանքային նշանը տարբերանշան է, որը օգնում է տարբերել մեկ կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները մյուսներից։ Այն կարող է լինել`
- լոգո,
- անվանում,
- կարգախոս,
- երբեմն նաև գույնի կամ ձևի համադրություն։
Գրանցման գործընթացը ներառում է մի քանի փուլ՝
- Նախնական որոնում՝ պարզելու համար նման նշան արդեն գրանցված է, թե ոչ։
- Հայտի ներկայացում։
- Փորձաքննություն՝ օրենքի պահանջներին համապատասխանության ստուգում։
- Գրանցում և վկայականի տրամադրում։
Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
Ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները և փաստաթղթերը՝
- Հայտ,
- նշանի պատկերը,
- ապրանքների և ծառայությունների ցանկը՝ ըստ Նիցցայի միջազգային դասակարգման (Nice Classification),
- հայտատուի տվյալները (անուն, հասցե, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպչական ձև),
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով,
- տեղեկանք աշխատողների թվի վերաբերյալ։
Ապրանքային նշանի գրանցման գործընթացի համար սահմանված են հետևյալ պետական տուրքերը՝
- Ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ
- Ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ
- Ապրանքային նշանի գրանցման համար՝ 50,000 դրամ
Ուշադրություն
Գրանցման ընթացքում տարբեր գործընթացների համար սահմանված պետական տուրքերը տարբեր են։ Անհրաժեշտ է ստուգել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը։
Ապրանքային նշանի վկայագիրը գործում է 10 տարի և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս 10 տարով՝ իրավատիրոջ դիմումի հիման վրա:
Առցանց գրանցել ապրանքային նշանը
Սկսել
Գյուտ կամ տեխնիկական մոդել
Գյուտը կամ օգտակար մոդելը վերաբերում են տեխնիկական լուծումներին, որոնք ունեն նորույթ և կիրառելիություն։
Գյուտի օրինակներ են՝
- մեխանիզմ,
- սարք,
- տեխնոլոգիական լուծում կամ գործընթաց։
ՀՀ-ում տրվում են 2 տեսակի արտոնագրեր՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր:
2 դեպքում էլ գրանցումը ներառում է 3 հիմնական փուլ՝
- Հայտի ներկայացում
- Փորձաքննություն
- Արտոնագրի տրամադրում
Գյուտի գրանցման հաճախ օգտվում են մասնագետների օգնությունից։
Գյուտի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները և փաստաթղթերը՝
- Հայտ,
- գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, ռեֆերատը, գծագրերը,
- հայտատուի տվյալները (անուն, հասցե, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպչական ձև),
- հեղինակի տվյալները (անուն, հասցե),
- տեղեկանք աշխատողների թվի վերաբերյալ։
Հայտին անհրաժեշտ է կցել՝
- լիազորագիր, եթե այն ներկայացվել է արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով,
- հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե հայտը ներկայացվել է այլ լեզվով,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Գյուտի գրանցման գործընթացի համար սահմանված են հետևյալ պետական տուրքերը՝
- գյուտի արտոնագիր ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար՝ 20,000 դրամ
- գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար՝ 120,000 դրամ
- գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար՝ 15,000 դրամ
Ուշադրություն
Գրանցման ընթացքում տարբեր գործընթացների համար սահմանված պետական տուրքերը տարբեր են։ Անհրաժեշտ է ստուգել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը։
Գյուտի արտոնագիրը գործում է 20 տարի, իսկ կարճաժամկետ գյուտինը՝ 10 տարի։
Արտոնագիրը ուժի մեջ պահելու համար անհրաժեշտ է ամեն տարի վճարել պահպանության տուրք (յուրաքանչյուր տարվա համար սահմանված պետական տուրքը տարբեր է՝ 20․000-ից մինչև 160,000 դրամ)։
Առցանց գրանցել գյուտը
Սկսել
Արդյունաբերական դիզայն
Արդյունաբերական դիզայնը պաշտպանում է արտադրանքի արտաքին տեսքը, ոչ թե դրա գործառույթը։
Արդյունաբերական դիզայնի օրինակ է՝
- ապրանքի ձևը
- փաթեթավորման դիզայնը
- դեկորատիվ տարրերը
Արդյունաբերական դիզայնի գրանցման գործընթացը ներառում է մի քանի փուլ՝
- Հայտի ներկայացում
- Փորձաքննություն՝ օրենքի պահանջներին համապատասխանության ստուգում
- Գրանցում և վկայականի տրամադրում
Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
Արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները և փաստաթղթերը՝
- Հայտ,
- արդյունաբերական դիզայնի պատկերները
- հայտատուի տվյալները (անուն, հասցե, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպչական ձև)
- հեղինակի տվյալները (անուն, հասցե)
- տեղեկանք աշխատողների թվի վերաբերյալ։
Հայտին անհրաժեշտ է կցել՝
- լիազորագիր, եթե այն ներկայացվել է արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Արդյունաբերական դիզայնի գրանցման գործընթացի համար սահմանված են հետևյալ պետական տուրքերը՝
- արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար՝ 20,000 դրամ
- հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ՝ 8,000 դրամ
- արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար՝ 30,000 դրամ
- արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար՝ 15,000 դրամ
Ուշադրություն
Գրանցման ընթացքում տարբեր գործընթացների համար սահմանված պետական տուրքերը տարբեր են։ Անհրաժեշտ է ստուգել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը։
Արդյունաբերական դիզայնի արտոնագիրը գործում է 5 տարի և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս 5 տարով՝ առավելագույնը մինչև 25 տարի՝ պահպանության տարեկան տուրքի վճարմամբ (յուրաքանչյուր տարվա համար սահմանված պետական տուրքը տարբեր է՝ 60․000-ից մինչև 480,000 դրամ)
Առցանց գրանցել արդյունաբերական նմուշ
Սկսել
Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ
Հեղինակային իրավունքով պաշտպանվում են ստեղծագործական աշխատանքի արտահայտված արդյունքները, օրինակ՝
- գրքեր, հոդվածներ, տեքստեր
- երաժշտություն և երգեր
- նկարներ, նկարազարդումներ, գրաֆիկական դիզայն
- տեսանյութեր, ֆիլմեր
- կայքերի բովանդակություն
- ծրագրային կոդ
Հեղինակային իրավունքը առաջանում է ստեղծագործության ստեղծման պահից և պարտադիր գրանցում չի պահանջում։ Սակայն ցանկության դեպքում հնարավոր է այն գրանցել՝ իրավունքը պաշտոնապես ֆիքսելու նպատակով։
Հեղինակային իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է՝
- ստեղծագործությունն ամբողջացնել,
- հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը,
- դիմել մտավոր սեփականության գրասենյակ,
- վճարել պետական տուրք։
Դրական ընթացքի դեպքում կատարվում է գրանցում, և դիմողին տրամադրվում է համապատասխան վկայական, որը հաստատում է տվյալ ստեղծագործության նկատմամբ նրա իրավունքները։
Հեղինակային իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ
- ստեղծագործության օրինակ (էլեկտրոնային կամ թղթային կրիչով)
- պետական տուրքի վճարման անդորրագիր
- Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում անհրաժեշտ է նաև լիազորագիր։
Հեղինակային իրավունքի գրանցման պետական տուրքը կազմում է՝
- ֆիզիկական անձի համար՝ 10,000 դրամ
- իրավաբանական անձի համար՝ 20,000 դրամ
Ուշադրություն
Գրանցման ընթացքում տարբեր գործընթացների համար սահմանված պետական տուրքերը տարբեր են։ Անհրաժեշտ է ստուգել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը։
Հեղինակային իրավունքի գրանցումը իրականացվում է դիմումը ներկայացնելուց հետո սովորաբար 5–10 աշխատանքային օրվա ընթացքում։
Աշխարհագրական նշում
Աշխարհագրական նշումը ապրանքի անվանում է, որը ցույց է տալիս, որ այն ծագում է որոշակի աշխարհագրական տարածքից և ունի այդ տարածքին բնորոշ հատկություններ։
Աշխարհագրական նշման տեսակներ են՝
- գյուղատնտեսական արտադրանք
- գինիներ
- սննդամթերք
- արհեստագործական արտադրանք
Աշխարհագրական նշման գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում
- ապրանքի նկարագրություն
- աշխարհագրական տարածքի սահմանների նկարագրություն
- ապացույցներ, որ արտադրանքի որակը կամ համբավը կապված է տվյալ տարածքի հետ
- պետական տուրքի վճարման անդորրագիր
Իրավաբանական անձի դեպքում՝ նաև գրանցման տվյալներ։
Աշխարհագրական նշման գրանցման պետական տուրքը կազմում է՝
- հայտի ներկայացման համար՝ 30,000 դրամ
- գրանցման համար՝ 50,000 դրամ
Ուշադրություն
Գրանցման ընթացքում տարբեր գործընթացների համար սահմանված պետական տուրքերը տարբեր են։ Անհրաժեշտ է ստուգել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը։
Աշխարհագրական նշման գրանցումը կարող է տևել 4–8 ամիս՝ փորձաքննության փուլերի պատճառով։
Աշխարհագրական նշման գրանցման համար՝
- Ներկայացվում է հայտ
- հայտում ներառվում է ապրանքի նկարագրությունը, աշխարհագրական տարածքի սահմանները և ապացույցներ, որ ապրանքի որակը կամ համբավը կապված է տվյալ տարածքի հետ,
- գրանցման ընթացքում իրականացվում է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք նշումը համապատասխանում է օրենքի պահանջներին և ունի իրական կապ նշված տարածքի հետ,
- դրական եզրակացության դեպքում նշումը գրանցվում է սահմանված կարգով, և իրավասու անձինք ստանում են այն օգտագործելու իրավունք։
Այս էջը օգտակա՞ր էր