Գործունեության տեսակից են կախված բիզնեսի գրանցման իրավական տեսակի (անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ) և հարկային համակարգի ընտրությունը։
Ըստ դրա է որոշվում նաև լիցենզիաների կամ թույլտվությունների անհրաժեշտությունը, հարկային արտոնություններից և պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնեսի տեսակները և մասնակիցների իրավունքները
Գործունեության տեսակը այն ոլորտն է, որտեղ գործելու է բիզնեսը։ Դա կարող է լինել ծառայությունների մատուցումը, առևտուրը կամ արտադրությունը։ Բիզնեսը կարող է ունենալ գործունեության մեկից ավելի տեսակներ։
Գործունեության տեսակի ընտրությունից է կախված լինելու, թե հետագայում ինչ հարկեր է անհրաժեշտ լինելու վճարել բիզնեսի համար։
Բիզնեսի տեսակները
Գործունեության տեսակներին և դրանց համապատասխան կոդերին հնարավոր է ծանոթանալ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի էջում։
Որոնման դաշտում անհրաժեշտ է մուտքագրել բիզնեսի գործունեության ոլորտը բնութագրող բանալի բառեր և առաջարկվող տարբերակների ցանկից ընտրել համապատասխանը։
Բիզնեսի պետական գրանցման ժամանակ անրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գործունեության հիմնական տեսակի կոդը։
Բիզնես գործունեության ընթացքում հնարավոր է զբաղվել գործունեության մեկից ավելի տեսակներով։ Պարզապես անհրաժեշտ կլինի հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններում համապատասխան դաշտում նշում կատարել գործունեության տեսակի մասին, որով բիզնեսը զբաղվել է տվյալ ժամանակահատվածում։
Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցել անհրաժեշտ չէ գործունեության հետևյալ տեսակներով զբաղվելու դեպքում՝
- լեզուների ուսուցման դասընթացներ, մասնավոր նախապատրաստական կամ այլ մասնագիտական դասընթացներ,
- պարեր, երգեցողության դասընթացներ,
- կատարողական արվեստի և դրա հետ կապված այլ օժանդակ գործունեություն,
- ստեղծագործական գործունեություն,
- խնջույքավարների գործունեություն,
- կրթական գործունեություն, արտադպրոցական մարմնամարզության և սպորտի բնագավառում գործունեություն,
- հոսթելային (զբոսաշրջային տների) ծառայություններ,
- կենցաղային ծառայություններ,
- դարբնոցային ծառայություններ,
- ժամացույցների, ժամանակաչափ սարքերի, երաժշտական գործիքների նորոգման ծառայություններ։
Առանց ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցելու կարող եք նաև ֆիզիկական անձանց պատվերով կատարել հետևյալ աշխատանքները՝
- կոշիկի, կաշվե և համանման այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում,
- հագուստների և գլխարկների արտադրություն և նորոգում,
- գորգերի և կարպետների արտադրություն և նորոգում,
- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,
- ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,
- համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և կենցաղային այլ տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում,
- հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում,
- տնտեսական և խեցեգործական, այլ ճենապակե արտադրատեսակների արտադրություն,
- թիթեղագործական գործունեություն:
Բիզնեսի կազմակերպման իրավական տեսակը
Իրավական տեսակը բիզնեսի կազմակերպման այն ձևն է, որը գրանցվում է Պետական ռեգիստրում և բիզնեսին տալիս է որոշակի իրավունքներ ու պարտականություններ։
Այդ տեսակներից մի քանիսը`
- անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
- սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ),
- փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ),
- բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ),
- լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն (ԼՊԸ),
- վստահության վրա հիմնված ընկերակցություն (ՎՎՀԸ),
Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, որոնց ծանոթանալով՝ հնարավոր է ընտրել բիզնեսին ամենահամապատասխան տարբերակը։
Հայաստանում բիզնես կարող եք գրանցել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ իրավաբանական անձ (իրավաբանական անձանց ավելի քան 34 տեսակներ կան)։
Բիզնեսի գրանցման առավել տարածված տեսակներն են՝
Անհատ ձեռնարկատեր (ԱՁ)
ԱՁ-ի ընտրությունը ցանկալի է, եթե անձը գործելու է միայնակ և տարեկան կտրվածքով մեծ շրջանառություն չի ակնկալում։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԱՁ-ի ռեսուրսներն առանձնացված չեն լինելու գրանցողի անձնական գույքից, այսինքն՝ բիզնեսի գործունեությունից առաջացած պարտավորությունների դիմաց անձն ամբողջությամբ պատասխանատու է լինելու անձնական գույքով:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Եթե բիզնեսում ներգրավելու են նաև համահիմնադիրներ, ապա ՍՊԸ գրանցելը կլինի նախընտրելի տարբերակ (այն կարող է ունենալ մեկ կամ մի քանի հիմնադիրներ)։
ՍՊԸ-ի գույքը, ծախսերն ու եկամուտներն առանձնացված կլինեն հիմնադիրների անձնական գույքից, անհրաժեշտ կլինի ընդունել աշխատակիցների և հաշվապահական հաշվառում վարել։
Բաժնետիրական ընկերություն (ԲԸ)
Բաժնետիրական ընկերությունը ևս նախընտրելի տարբերակ է, եթե նախատեսվում է տնտեսական գործունեությունը ծավալել այլ ներդրողների (բաժնետերերի) հետ։ Ընդ որում՝ բաժնետեր կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։
Կազմակերպության այս ձևն ունի երկու տեսակ՝
- բաց բաժնետիրական ընկերության դեպքում կարող են ներգրավվել անսահմանափակ թվով բաժնետերեր,
- փակ բաժնետիրական ընկերության դեպքում հնարավոր է ներգրավել առավելագույնը 49 բաժնետերերի։
Կարող եք ծանոթանալ նաև իրավաբանական անձանց մյուս տեսակների առանձնահատկություններին՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
Բիզնեսին համապատասխան կազմակերպության տեսակն ընտրելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե անձը ո՞ւմ հետ է ցանկանում սկսել բիզնեսը, կապիտալ ունի՞, աշխատակիցներ ներգրավվելու են։
Այս բոլոր հարցերի պատասխանները կօգնեն կատարել ամենահամապատասխան և ձեռնտու ընտրությունը։
Միայնակ սկսելու դեպքում անհրաժեշտ է դիտարկել ԱՁ գրանցելու տարբերակը, քանի որ այս դեպքում գործունեությունը հնարավոր է ծավալել որպես ֆիզիկական անձ՝ ունենալով իրավաբանական անձի իրավունքներ։
Եթե կան համահիմնադիրներ, ավելի նպատակահարմար է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելը, քանի որ այն կարող է ունենալ 1-ից մինչև 49 մասնակից։ Ըստ իրենց ներդրումների չափի՝ նրանք կարող են մասնակցել որոշումների կայացմանը և պատասխանատվություն կրել ՍՊԸ-ի գործունեության համար։
Բաժնետիրական ընկերությունը նպատակահարմար է ընտրել ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, երբ բաժնետերերի թիվը մեծ է, և պետք է համակարգել նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը։
Կանոնադրական կապիտալը այն նվազագույն գումարն է, որը ձևավորվում է հիմնադիրների կատարած ներդրումներից՝ ընկերության ծախսերը հոգալու նպատակով։
Առևտրային կազմակերպությունների համար կապիտալի նվազագույն շեմ սահմանված չէ (բացառությամբ գործունեության առանձին տեսակների, օրինակ՝ ֆինանսական, ապահովագրական և ներդրումային ոլորտներում):
ԱՁ-ի դեպքում կանոնադրական կապիտալ չի ձևավորվում, քանի որ ԱՁ-ի հիմնադիրն իր ամբողջ գույքով է պատասխանատու կազմակերպության գործունեության համար։
ՍՊԸ-ի և ԲԸ-ի դեպքում կանոնադրական կապիտալը ձևավորվում է հիմնադիրների ներդրումներից: Այն բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի, որոնք երաշխավորում են ընկերության պարտավորությունների կատարումը։
Գործընկերների և ներդրողների համար առավել հուսալի է պայմանագրեր կնքել ՍՊԸ-ի, ԲԸ-ի կամ կանոնադրական կապիտալի հիման վրա գործող այլ կազմակերպությունների հետ։
Բիզնեսի կազմակերպման ցանկացած իրավական տեսակ ընտրելու դեպքում էլ հնարավոր է կնքել թե՛ աշխատանքային, և թե՛ ծառայությունների մատուցման պայմանագրեր։
Աշխատավարձերի վճարման և հարկային պարտավորությունների կատարման համար ավելի նպատակահարմար է գրանցել ՍՊԸ կամ ԲԸ, քանի որ դրանք ունեն որոշակի կապիտալ։
Եթե մեծ շրջանառություն չի ակնկալում, նախընտրելի է գրանցել ԱՁ, իսկ մեծ շրջանառության, միջազգային ներդրողների ներգրավման և պայմանագրային առավել վստահելի կողմ լինելու տեսակետից ավելի նպատակահարմար կլինի ՍՊԸ կամ ԲԸ գրանցելը։
Բիզնեսի մասնակիցների իրավունքները
Անհատ ձեռնարկատերը կարող է՝
- իրականացնել ցանկացած տեսակի գործունեություն և ստանալ շահույթ,
- հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը,
- համագործակցել այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ,
- ունենալ բանկային հաշիվ և վարձու աշխատողներ,
- ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
ՍՊԸ-ի մասնակիցների իրավունքները որոշվում են ՀՀ օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ, հիմնադիրների պայմանագրով և ընդունած որոշումներով։
Ընկերության մասնակիցները կկարողանան՝
- մասնակցել ընկերության կառավարմանը,
- ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ,
- ստանալ ընկերության գործունեությունից ստացվող շահույթի մի մասը,
- վաճառել իրենց բաժնեմասը,
- ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից,
- ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից,
- ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի իրավունքները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ, բաժնետիրական համաձայնագրով և ժողովի որոշումներով:
Բաժնետերերի իրավունքները կախված են իրենց բաժնետոմսերի տեսակից՝ հասարակ (սովորական) և արտոնյալ։
Բաժնետոմսը արժեթուղթ է, որով սահմանվում են դրա սեփականատիրոջ (բաժնետիրոջ) իրավունքները՝ ստանալու շահութաբաժիններ, մասնակցելու ընկերության կառավարմանը և դրա լուծարումից հետո ստանալու գույքի մի մասը։
Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերն առնվազն իրավունք ունի`
- մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
- մասնակցելու ընկերության կառավարմանը,
- ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալու շահութաբաժիններ, սակայն ընկերության կողմից դրանք չեն երաշխավորվում,
- առաջնահերթ կարգով ձեռք բերելու ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը,
- տեղեկացված լինելու ընկերության գործունեության վերաբերյալ,
- ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի,
- ժողովներում հանդես գալու առաջարկություններով,
- ժողովներում քվեարկելու իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
- դիմելու դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական
- ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
- ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքի իր հասանելիք մասը:
Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերն իրենց սեփականատերերին տրամադրում են միևնույն իրավունքները:
Արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք ունի`
- մասնակցելու ժողովին ձայնի իրավունքով, եթե դա նախատեսված է օրենքով և կանոնադրությամբ,
- մասնակցելու ընկերության կառավարմանը,
- ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալու երաշխավորված շահութաբաժիններ,
- տեղեկացված լինելու ընկերության գործունեության վերաբերյալ,
- ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի,
- ժողովներում հանդես գալու առաջարկություններով,
- դիմելու դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
- ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքի իր հասանելիք մասը:
Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատերերին տրամադրում են միևնույն իրավունքները: