This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից կարող են օգտվել բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք:
Ծրագրի մասին
Այս աջակցության շրջանակում իրականացվում են՝
- ատամի հեռացում, պուլպիտի բուժում (նյարդերի և արյունատար անոթների բորբոքում),
- պերիօդոնտիտի բուժում,
- կարիեսի բուժում,
- մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)։
Ներկայացվող պահանջները
Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը անվճար ստանլու համար պետք է լինել`
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու,
- հաշմանդամություն ունեցող՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով, կամ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ,
- մինչև 7 տարեկան երեխա,
- մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխա,
- նախազորակոչային և զորակոչային տարիքի անձ,
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ:
Համավճարով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար պետք է լինել սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված՝
- հաշմանդամություն ունեցող անձ՝ ֆունկցիոնալության ծանր, միջին աստիճանի սահմանափակումով, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամությամբ,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակից,
- վերարտադրության տարիքի կին՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում,
- առանց ծնողական խնամքի մնացած երեխա` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ` 18-23 տարեկան,
- 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձ,
- զինծառայող և նրանց հավասարեցված անձ, նրա ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող,
- փրկարարական ծառայող և նրա ընտանիքի անդամ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված կամ հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայող, ծառայության ընթացքում զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի անդամներ,
- ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
- բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ,
- բռնադատվածներ,
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
- հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան,
- բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
- մինչև 18 տարեկան` շարունակական հսկողության տակ գտնվող երեխաներ,
- մեկ ծնող ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ,
- ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ,
- ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
Պահանջվող փաստաթղթերը
Անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելիության փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Ծրագրի շրջանակներում գործող տոմատոլոգիական ծառայությունները կարող են մատուցվել անվճար կամ համավճարի տարբերակով, ընդ որում՝ համավճարի դեպքում պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 %-ը, իսկ շահառուն վճարում է մնացած 35%-ը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003