This site is new, your feedback will help us improve it.
Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին
Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տալիս է մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև աշխատանք և փորձ ձեռք բերելու հնարավորություն։
Զբաղվածության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով տեղեկատվություն կրթության կամ մասնագիտական փորձի վերաբերյալ։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում առաջարկվում է 3 տեսակի աջակցություն։
Աջակցություն 1 - Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում
- Մասնագիտական ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս և կազմակերպվում է գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում կամ գործատուի մոտ, եթե վերջինս համապատասխանում է ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին։
- Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո դիմող անձի և գործատուի միջև կնքվում է առնվազն 3-ամսյա ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Աջակցություն 2 - Վճարվող աշխատանքային փորձ և աշխատանքի տեղավորում
- Այս աջակցության շրջանակում դիմող անձի և գործատուի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։
- Առաջին 3 ամիսն ուղղվում է դիմողի՝ աշխատանքային փորձ ձեռք բերելուն։
- Աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո անձը մյուս 3 ամսվա ընթացքում շարունակում է աշխատել գործատուի մոտ՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքները։
Աջակցություն 3 - Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային փորձ և աշխատանքի տեղավորում
- Մասնագիտական ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս և կազմակերպվում է գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում կամ գործատուի մոտ, եթե վերջինս համապատասխանում է ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին։
- Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո դիմողի և գործատուի միջև կնքվում է առնվազն 6-ամսյա ժամկետով աշխատանքային պայմանագիր։
- Առաջին 3 ամիսն ուղղվում է դիմողի՝ աշխատանքային փորձ ձեռք բերելուն։
- Աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո անձը մյուս 3 ամսվա ընթացքում շարունակում է աշխատել գործատուի մոտ՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքները։
Ներկայացվող պահանջները
- Ծրագրի շահառու կարող են դառնալ միայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք։
- Բանկային հաշիվ չունենալու դեպքում ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո անձը պետք է եռօրյա ժամկետում բացի բանկային հաշիվ և դրա վերաբերյալ տվյալները ներկայացնի Միասնական սոցիալական տարածքային կենտրոն։
- Ծրագրում որպես գործատու կարող են ներգրավվել բոլոր այն կազմակերպությունները (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները), որոնք ունեն թափուր աշխատատեղեր` բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների։
Աջակցության չափը
Մասնագիտական ուսուցման համար աջակցությունը տրամադրվում է դիմող անձին, իսկ աշխատանքային փորձի և աշխատանքի տեղավորման համար՝ գործատուին հետևյալ կերպ․
- աշխատողին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ կրթաթոշակ մասնագիտական ուսուցման համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում դասերին մասնակցած օրերի),
- աշխատողին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ ուսման վարձի վճարման համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում դասերին մասնակցած օրերի),
- գործատուին՝ ամսական 50,000 դրամ՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկված հարկերը վճարելու համար (եկամտային հարկ, դրոշմանիշային վճար, սոցիալական վճար),
- գործատուին՝ ամսական 165,000 դրամ աշխատանքային փորձ ձեռք բերելու ամիսներին անձին աշխատավարձ վճարելու համար (աջակցության չափը որոշվում է՝ ըստ ամսվա ընթացքում լրիվ աշխատած օրերի): Ընդ որում՝ եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության կամ նպատակային արձակուրդում, տվյալ ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։
Ուշադրություն
Անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև դրա ժամկետի լրանալը լուծելու և նոր պայմանագիր չկնքելու դեպքում գործատուն պետք է Միասնական սոցիալական ծառայությանը վերադարձնի անձին ուսման վարձի փոխհատուցման համար կամ որպես կրթաթոշակ կամ աշխատավարձ վճարված գումարները։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Մասնագիտական ուսման վարձի 50,000 դրամ ամսական փոխհատուցումը և 50,000 դրամ ամսական կրթաթոշակը տարածքային կենտրոնի կողմից անձին է տրամադրվում բանկային փոխանցման միջոցով՝ ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Գործատուին անձի աշխատավարձը (ամսական առավելագույնը 165,000 դրամ) և դրանից հաշվարկվող հարկերը (ամսական առավելագույնը 50,000 դրամ) փոխհատուցելու համար աջակցությունը փոխանցվում է տարածքային կենտրոնի կողմից՝ գործատուի հարկերի աշխատավարձի վճարման մասին տեղեկատվության տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83