BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ պալիատիվ բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է կյանքին  վտանգ  սպառնացող  կամ  անբուժելի հիվանդություն  ունեցող  պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Պալիատիվ բժշկական օգնությունը  կյանքին  վտանգ  սպառնացող  կամ  անբուժելի հիվանդություն  ունեցող  պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր  և  այլ խնդիրներ՝ դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:

 

Պալիատիվ բուժօգնության իրականացման ձևերն են`

 

  • Արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն-առողջության առաջնային պահպանման հաստատություններում պալիատիվ բուժօգնության ծառայությունները մատուցվում են տվյալ հաստատության աշխատանքային ժամերի ընթացքում, այդ թվում նաև տնային կանչերի միջոցով։
  • Շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնություն - պալիատիվ բուժօգնության մոբիլ (շարժական) ծառայությունը կարող է ձևավորվել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության կազմում և պալիատիվ բուժօգնություն է  ցուցաբերում տանը։
  • Հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնություն - պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է նշված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա ունեցող հաստատություններում:
  • Պալիատիվ բուժօգնություն հոսպիսում – տրամադրվում է հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում հարատև խնամքի իրականացում:
     

Պետական պատվերի շրջանակներում պալիատիվ բժշկական օգնություն իրականացնում են թվով 18 բժշկական կազմակերպություններ (արտահիվանդանոցային` 9, հիվանդանոցային` 9):
ՀՀ մարզերում պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցվել է թվով 6 բժշկական կազմակերպություններում (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում):
 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է յուրաքանչյուր անձի, ով ունի կյանքին վտանգ սպառնացող կամ շարունակական և (կամ) կյանքը սահմանափակող հիվանդություններ, նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և անբուժելի հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

 

Դիմելու կարգ

 

Արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման հաստատություն: Իր հաշվառման վայրում պալիատիվ բուժօգնության ծառայության բացակայության դեպքում քաղաքացին կարող է դիմել այլ հաստատություն, որտեղ նշված ծառայությունները մատուցվում են:
Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է նշված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա ունեցող հաստատություններում, իսկ պալիատիվ բուժօգնության և հարատև խնամքի կարիք ունեցողներինը` հոսպիսներում:

Առողջության առաջնային պահպանման հաստատությունների մասնագետները պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտին ուղեգրում են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետ: Պալիատիվ բուժօգնության տրամադրման պահից սկսած լիովին դադարեցվում է մինչ այդ պացիենտին տվյալ հիվանդության կապակցությամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների շրջանակներում ծառայությունների իրականացումը, կատարվում է պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ գրանցում պացիենտի բժշկական փաստաթղթերում և պացիենտը հսկվում է պալիատիվ բուժօգնության մասնագետի կողմից:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձնագիրը և/կամ նույնականացման քարտը,
  • սոցիալական քարտը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ԱՆ 18.10.2017թ. «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր