BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Work and Employment

Ստանալ աջակցություն տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվելու համար

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Առաջարկվող աջակցության ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

 

Աջակցությունը տրվում է 3 փուլով

Առաջին փուլն է արտադրության մեկնարկի աջակցությունը, որը կազմում է կապիտալ ներդրումների 10 %-ը և տրամադրվում է ներդրումների արդյունքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեկնարկից հետո։

 

Երկրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 5%-ը և այն տրամադրվում է տնտեսապես բարդ ապրանքների եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով իրացման պարագայում։

 

Երրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 20%-ը, իսկ տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի կողմից պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։

 

Ուստի աջակցության առավելագույն չափը ներդրումային ծրագրի ամբողջ ընթացքում կազմելու է տնտեսավարողի կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի  մինչև 35 %-ը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը։ Յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է հաջորդ տարվա ցանկը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․

 

  1. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ․
  2. սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում․
  3. ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը և բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի՝ բավարարվում են հետևյալ չափանիշները․
    ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա՝ իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է․
    բ․ շահառուի տարեկան  իրացման  շրջանառության  առնվազն  30%-ը  ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։

 

Դիմելու կարգ

 

Տնտեսավարող սուբյեկտը ծրագրի շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է

  • Ներդրումային ծրագրի հայեցակարգը և անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն։ Ներդրումային ծրագրի հայեցակարգը և հայտին կից փաստաթղթերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն։
  • Նախարարությունը ներդրումային հայեցակարգը և հայտը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներդրումային ծրագրի գնահատում՝ համաձայն ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված մեթոդաբանությամբ։
  • Գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում նախարարությունը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին։
  • Գնահատման արդյունքում դրական եզրակացության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնտեսավարող սուբյեկտին շահառու ճանաչելու մասին հրաման, որի մասին նախարարությունը տնտեսավարող սուբյեկտին էլեկտրոնային եղանակով ծանուցում է հրամանի ընդունմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
  • Շահառու ճանաչվելու մասին ծանուցումը ստանալու օրվան հաջորդող 1 (մեկ) ամսվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նախարարության հետ կնքել ներդրումային պայմանագիր (այսուհետ՝ ներդրումային պայմանագիր)։
  • Ներդրումային ծրագրի իրականացման համար նոր առևտրային ընկերության ստեղծման դեպքում կնքվում է եռակողմ ներդրումային պայմանագիր՝ տնտեսավարող սուբյեկտի, նախարարության և առևտրային ընկերության միջև, ինչից հետո որպես շահառու հանդես է գալիս առևտրային ընկերությունը։
  • Շահառու ճանաչվելու օրվանից մինչ ներդրումային պայմանագրի գործողության ավարտի օրը շահառուն նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։

 

Աջակցություն ստանալու համար

  • Աջակցություն ստանալու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ արտադրության մեկնարկից հետո՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը։
  • Նախարարությունը դիմումը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է շահառուի և ներդրումային ծրագրի համապատասխանությունը ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի պահանջներին և որոշում կայացնում աջակցության տրամադրման կամ աջակ ցության տրամադրման մերժման մասին կամ դիմում ներկայացրած շահառուին տեղեկացնում դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին։
  • Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին նախարարությունը դիմում ներկայացրած շահառուին տեղեկացնում է էլեկտրոնային գրությամբ, որի մեջ նշվում է, որ 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվության) ամբողջական ներկայացնելու դեպքում դիմումը համարվում է նախարարություն ներկայացված թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) ամբողջական ներկայացնելու օրը։
  • Աջակցության տրամադրման մասին որոշման մեջ նշվում է աջակցության՝ տվյալ տարվա գումարի չափը, նախորդ տարիներին տրամադրված չափը (կիրառելիության դեպքում), աջակցության՝ բոլոր տարիների ընթացքում տրամադրվող ընդհանուր գումարի առավելագույն չափը, ինչպես նաև այդ առավելագույն չափի և արդեն տրամադրված (այդ թվում՝ աջակցության տրամադրման մասին որոշմամբ) չափի տարբերությունը (աջակցության մնացորդային գումար)։

 

Հայտերը, դիմումները և դրանց կից փաստաթղթերը նախարարության են ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով նախարարության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստին։

 

Ծրագրի շրջանակներում աջակցություն չեն ստանում այն առևտրային ընկերությունները, որոնք աջակցություն ստանալու դիմումի ներկայացման պահին օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունից։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Շահառու ճանաչվելու համար՝

  • Շահառու ճանաչվելու հայտ՝ համաձայն ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 4 հավելվածի
  • նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում).
  • ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը.
  • հայտատուի հիմնադիր փաստաթղթերը.
  • հայտատուի իրական շահառուների1 վերաբերյալ ներկայացված տեղեկություններ.
  • հայտատուի նկատմամբ սնանկության վարույթի բացակայությունը հաստատող փաստաթղթեր.
  • հայտատուի՝ ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալը հաստատող փաստաթղթեր.
  • հայտատուի՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից.
  • հայտատուի գրավոր համաձայնություն՝ տարեկան անկախ աուդիտ անցկացնելու (կիրառելիության դեպքում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով իր կողմից ստեղծված իրավաբանական անձում) և դրա արդյունքները նախարարությանը տրամադրելու վերաբերյալ։

 

Աջակցություն ստանալու համար՝

 

  • Աջակցություն ստանալու դիմում՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 5 հավելվածի.
  • դիմումատուի հիմնադիր փաստաթղթեր.
  • դիմումատուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ (կիրառելիության դեպքում).
  • դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն.
  • կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր).
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն).
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված՝ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք.
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները.
  • արտադրության մեկնարկի տարում աջակցության ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում՝ կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույքի՝ շահագործման հանձնված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.
  • Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առ այն, որ դիմումատուն սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան.
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
  • դիմումատուի՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից.
  • դիմումատուի՝ հակակոռուպցիոն համապատասխանության մասին հայտարարություն՝ ըստ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշման N 5 հավելվածին կից N 1 ձևի։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 26 հոկտեմբերի 2023 թվականի N 1867-Ն որոշում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 2466-Լ հրաման՝ «Ներդրումային պայմանագրի օրինակելի ձևը, ներդրումային պայմանագրերի ռեեստրի վարման կարգը և 2024 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու մասին»

ՀՀ ԷՆ Գործարար միջավայրի վարչություն`  հեռ.՝ (+374) 11 597 117

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր