This site is new, your feedback will help us improve it.
Դիմել հողային բարեփոխումների փորձնական ծրագրին
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ, Մայիսյան և Նորակերտ բնակավայրերում։
Ծրագրի մասնակիցներն են՝
- բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր (այդ թվում՝ բաժնային կամ համատեղ սեփականատերեր) հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները, որոնք ցանկանում են իրենց պատկանող հողամասերն օտարել, հանձնել վարձակալության կամ փոխանակել այլ հողամասերի հետ, կամ ճշգրտել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը (այսուհետ՝ շահառու).
- ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման, վարձակալման կամ փոխանակման ցանկություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ներդրողներ).
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
- «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն).
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն.
- Գնահատման կազմակերպությունը։
Ծրագիրն իրականացվելու է կազմակերպության կողմից ներկայացվող 5 բաղադրիչով։
Առաջին բաղադրիչ` հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունը, համայնքապետարանից և շահառուների կողմից ստացված, ինչպես նաև կոմիտեում առկա տեղեկատվության համադրմամբ, իրականացնում է բնակավայրերում առկա գյուղատնտեսական նշանակության, այդ թվում նաև չօգտագործվող հողերի գույքագրում, դրանց իրավական կարգավիճակի, ինչպես նաև սեփականության իրավունքի հետ կապված իրավական խնդիրների հաշվառում։ Այս բաղադրիչով նախատեսվում է նաև կազմակերպության կողմից տրամադրել ֆինանսական աջակցություն բնակավայրերում հողերի առուվաճառքի, փոխանակման, ժառանգության և այլ գործարքների իրականացման համար կատարված նոտարական ծախսերի կամ վճարված պետական տուրքի գումարի չափով: Կազմակերպությունը սույն բաղադրիչով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրում է շահառուին վերջինիս կողմից էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացված դիմումը և նոտարական ծախսերի կատարման կամ պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Սույն բաղադրիչով նախատեսված գործարքները նոտարի միջոցով իրականացնելու դեպքում նշված գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծախսերը կամ պետական տուրքի գումարը կազմակերպության կողմից կարող է անմիջապես վճարվել նաև համապատասխան նոտարին՝ վերջինիս կողմից կազմակերպությանը դուրս գրված էլեկտրոնային հաշիվ վավերագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշիվ վավերագրում նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Ընդ որում, սույն կետով նշված նոտարի կողմից դուրս գրված հաշիվ վավերագրի հիման վրա կազմակերպության կողմից գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծախսերը կամ պետական տուրքի գումարը կարող է վճարվել, եթե դուրս գրված հաշիվ վավերագրում նշված են գործարքի կողմ հանդիսացող շահառուի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, ՀՎՀՀ) և գործարքի առարկա հանդիսացող հողի կադաստրային ծածկագիրը:
Երկրորդ բաղադրիչ՝ հողերի առուվաճառք։ Այս բաղադրիչով կազմակերպությունն իրականացնում է՝
- շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերի տարածքներում.
- շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերում գտնվող հողերին սահմանակից, այդ թվում նաև ծրագրով չնախատեսված այլ բնակավայրերի տարածքներում՝ հողամասերի հետ միավորման (կոնսոլիդացման) հնարավորության դեպքում.
- հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառվող և ծրագրով նախատեսված բնակավայրերում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում.
- ծրագրի շրջանակներում ձեռք բերված հողերի վաճառք կամ փոխանակություն.
- ընդ որում, ծրագրի շրջանակներում ձեռք բերված հողերի առնվազն 80%-ը ծրագրի 4-րդ բաղադրիչի շրջանակներում և դրա պահանջներին համապատասխան մինչև ծրագրի ավարտը ենթակա է կոնսոլիդացման:
Երրորդ բաղադրիչ՝ գործարքի միջնորդություն։ Այս բաղադրիչը նախատեսում է շահառուների և ներդրողների միջև միջնորդությունների իրականացում կազմակերպության կողմից՝ գործարքների կատարման համար խորհրդատվության և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, փաստաթղթերի նախապատրաստում։ Սույն կետում նշված գործարքների իրականացման համար շահառուները և ներդրողները դիմում են կազմակերպությանը՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։
Չորրորդ բաղադրիչ՝ հողամասերի միավորում (կոնսոլիդացիա)։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է ծրագրի շրջանակում ձեռք բերված միմյանց սահմանակից առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորում (կոնսոլիդացիա): Ծրագրի իմաստով հողամասերի կոնսոլիդացիան միմյանց սահմանակից առնվազն 5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի հանրագումարի (այսուհետ՝ «կոնսոլիդացիայի տարածք») ձևավորումն է, որի տարածքում բացառվում է այլ սուբյեկտներին պատկանող հողամասերի առկայությունը՝ բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի, որոնք անհնարին են դարձնում դրանց մեկ ընդհանուր սահման ունենալը (ընդ որում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը կազմակերպության կողմից ձեռք չբերվելու դեպքում չեն հաշվարկվում կոնսոլիդացիայի տարածքի հանրագումարում)։ Համապատասխան համայնքի ավագանու նախնական համաձայնությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են ներառվել կոնսոլիդացիայի տարածքում: Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումը հողերի կոնսոլիդացիայի գործընթացի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընդ որում, կոնսոլիդացիայի կամ դրա ընդլայնման նպատակով ձեռք բերված և ձեռք բերվող հողերում պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերված և ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը: Կոնսոլիդացման տարածքն ընդլայնելու նպատակով նոր առանձին գույքային միավոր հանդիսացող հողեր կարող են ձեռք բերվել, եթե դրանք սահմանակից են կոնսոլիդացիայի տարածքին՝ բացառելով ձեռք բերվող հողերի և կոնսոլիդացիայի տարածքի միջև այլ սուբյեկտներին պատկանող հողերի առկայությունը՝ բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի: Կոնսոլիդացված հողատարածքները տեղադրվում են էլեկտրոնային հարթակում վաճառքի համար։
Հինգերորդ բաղադրիչ՝ հողերի բարելավում։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունը կարող է օրենքով սահմանված կարգով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող հողերի որակի բարելավման, ոռոգման համակարգերի տեղադրման կամ վերականգնման, ճանապարհաշինության, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար։ Հողերի բարելավման աշխատանքները նախապես համաձայնեցվում են որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ, ընդ որում, աշխատանքների արժեքը յուրաքանչյուր հեկտարի հաշվով չպետք է գերազանցի հողամասերի ձեռքբերման արժեքի 50 %-ը։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ, Մայիսյան և Նորակերտ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր (այդ թվում՝ բաժնային կամ համատեղ սեփականատերեր) հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները, որոնք ցանկանում են իրենց պատկանող հողամասերն օտարել, հանձնել վարձակալության կամ փոխանակել այլ հողամասերի հետ, կամ ճշգրտել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը, ինչպես նաև ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման, վարձակալման կամ փոխանակման ցանկություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
Դիմելու կարգ
Կազմակերպության կողմից հողամասերի ձեռքբերումն իրականացվում է՝
- կազմակերպության նախաձեռնությամբ.
- շահառուների նախաձեռնությամբ՝ սեփականությամբ իրենց պատկանող հողամասը կազմակերպությանը վաճառելու առաջարկների ներկայացմամբ։
Կազմակերպության նախաձեռնությամբ նախատեսված ձեռքբերումն իրականացվում է կազմակերպության կողմից բնակավայրերի տարածքում հնարավոր շահառուներին հողամասերի գնման առաջարկների ներկայացմամբ։
Շահառուների նախաձեռնությամբ նախատեսված վաճառքի նպատակով շահառուն կազմակերպություն է ներկայացնում դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ Կառավարության N 1605-Լ որոշում
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ (+374) 12 59 59 39,
Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ (+374) 11 523 793,
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06