BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան վերադարձի վկայական

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
20,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Վերադարձի վկայական ստանալու համար արտերկրում գտնվող քաղաքացին կարող է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ` նախապես առցանց այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:

Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ում ՀՀ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել կամ գողացվել է, ժամկետանց է կամ օգտագործման համար ոչ պիտանի, կամ էլ ընդհանրապես չի տրամադրվել անձին։ Այդ փաստաթղթերն են՝ 

  • ՀՀ քաղաքացու անձնագիրը (այդ թվում՝ դիվանագիտական անձնագիրը),
  • ՀՀ-ի կողմից փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձին որպես անձը հաստատող փաստաթուղթ տրված ճամփորդական փաստաթղթերը։

 

Պահանջվող փաստաթղթեր

 

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի բնօրինակը: Նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում պետք է նաև ներկայացնել քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք։


ՀՀ քաղաքացու անձնագրի բացակայության (կորցված կամ գողացված լինելու) դեպքում՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • կորած կամ գողացված անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
  • տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում), 
  • հայաստանյան ծագում ունեցող անձը հաստատող այլ փաստաթղթեր՝ նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում)։


Լիազորված անձի միջոցով
դիմելու դեպքում լիազորված անձը պետք է նաև ներկայացնի՝

  • լիազորագիր, որը պարտադիր չէ, որ լինի նոտարական վավերացումով (լիազորագրի իսկության հարցում կասկած առաջանալու դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը կարող է կապվել լիազորող անձի հետ՝ լրացուցիչ հավաստում ստանալու համար),
  • իր անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։

 


Վճարման չափը և կարգը

Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

 


Տրամադրման ժամկետը

ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։



ՀՀ վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը

 

ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրվում է՝

  • նախկինում ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած ՀՀ քաղաքացիներին,
  • 16 տարին չլրացած և 63 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին,
  • այն անձանց, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, սակայն դեռ չեն ստացել այն,
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող քաղաքացիներին,
  • բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին (բազմազավակ են համարվում 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները),
  • առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին,
  • ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող կամ տեղափոխվող քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին,
  • հափշտակության կամ այլ հանցագործության, բնածին կամ տեխնածին աղետի, քաղաքական հուզումների կամ պատերազմական իրավիճակների արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված անձանց՝ տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կամ եթե դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ,
  • ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության երկրում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ։

Ուշադրություն

Եթե ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելիս կասկած է առաջանում՝ արդյոք դիմողը անձնագրում պատկերված անձն է, ապա հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու էլեկտրոնային հարցում է ուղարկում անձնագրային բաժանմունք։ Այս դեպքում վկայականը տրամադրվում է 5-15 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանավորված լրացուցիչ ստուգումներով։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր