This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
Պահանջվող փաստաթղթերը
Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում-հարցաթերթիկ,
- 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի բնօրինակը: Նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում պետք է նաև ներկայացնել քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք։
ՀՀ քաղաքացու անձնագրի բացակայության (կորցված կամ գողացված լինելու) դեպքում՝
- դիմում-հարցաթերթիկ,
- 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- կորած կամ գողացված անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
- տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում),
- հայաստանյան ծագում ունեցող անձը հաստատող այլ փաստաթղթեր՝ նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում)։
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է նաև ներկայացնի՝
- լիազորագիր (նոտարական վավերացումը պարտադիր չէ),
- իր անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։
Վճարման չափը և կարգը
Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարցումն ստանալուց հետո ՀՀ ԱԳՆ-ում համակարգի միջոցով անձը նույնականացվում է, որից հետո վերադարձի վկայական տրամադրելու վերաբերյալ պատասխանն ուղարկվում է այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որը զբաղվել է տվյալ անձի դիմումով։ Անձին տեղեկացվում է վկայականի տրամադրման որոշման վերաբերյալ, ինչից հետո հնարավոր է վկայականը ստանալ համապատասխան հյուպատոսական հիմնարկում։
ՀՀ վերադարձի վկայականը հնարավոր է օգտագործել փաստաթղթի տրվելու պահից 30 օրվա ընթացքում։
Ուշադրություն
Եթե ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելիս կասկած է առաջանում՝ արդյոք դիմողը անձնագրում պատկերված անձն է, ապա հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու էլեկտրոնային հարցում է ուղարկում անձնագրային բաժանմունք։ Այս դեպքում վկայականը տրամադրվում է 5-15 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանավորված լրացուցիչ ստուգումներով։
ՀՀ վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը
ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրվում է՝
- նախկինում ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած ՀՀ քաղաքացիներին,
- 16 տարին չլրացած և 63 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին,
- օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին,
- այն անձանց, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, սակայն դեռ չեն ստացել այն,
- պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող քաղաքացիներին,
- բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին (բազմազավակ են համարվում 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները),
- առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին,
- ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող կամ տեղափոխվող քաղաքացիներին,
- օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին,
- հափշտակության կամ այլ հանցագործության, բնածին կամ տեխնածին աղետի, քաղաքական հուզումների կամ պատերազմական իրավիճակների արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված անձանց՝ տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կամ եթե դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ,
- ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության երկրում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ։
Հղում օրենսդրությանը
2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն ՀՀ կառավարության որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11