BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ի՞նչ է «ԵսԵմ» նույնականացման հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Թվային նույնականացման ազգային «ԵսԵմ» հարթակը մուտքի մեկ միասնական միջոց է թվային բոլոր ծառայություններից օգտվելու համար, որոնք մատուցվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։ 

Հասանելի է «ԵսԵմ» մուտքի 2 տարբերակ՝

Նույնականացում բջջային ID SIM քարտով (Mobile ID)

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտը թվային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայություններից օգտվելու ամենապարզ միջոցն է։ Այն ձեռք բերելու համար կատարեք հետևյալ քայլերը․

  1. Քայլ 1

    Ստացեք նույնականացման քարտ

    Նույնականացման քարտ ստանալու մանրամասն քայլերը ներկայացված են ուղեցույցում։

  2. Քայլ 2

    Այցելեք բջջային օպերատորի գրասենյակ

    Նույնականացման քարտով մոտեցեք ձեզ սպասարկող օպերատորի գրասենյակ (Team Telecom, Ucom, Viva) և վերաթողարկեք SIM քարտը՝ վճարելով 500 դրամ։ Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի համար։

  3. Քայլ 3

    Ստեղծեք ծածկագիր և օգտվեք ծառայություններից

    Օպերատորի գրասենյակում ստեղծեք 6-նիշանոց ծածկագիր, որը պետք է հայտնի լինի միայն ձեզ։ Այն օգտագործելու եք նույնականացվելու և էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելու համար։

Ուշադրություն
eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների դեպքում թվային նույնականացումը կտրամադրվի eSIM Mobile ID-ի միջոցով, որը հնարավոր կլինի ստանալ բջջային օպերատորներից 2025 թվականի մարտի 29-ից սկսած։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու իրավունք ունեն ՀՀ չափահաս քաղաքացիները, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած չափահաս անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար նույնականացման քարտով մոտեցեք ձեզ սպասարկող օպերատորի գրասենյակ (Team Telecom, Ucom, Viva) և վերաթողարկեք SIM քարտը։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտով նույնականացման ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է վերաթողարկել քարտը՝ վճարելով 500 դրամ։

Նոր քարտ ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ բջջային օպերատորների սակագների։ 

Բջջային ID SIM քարտ ստանալու համար նույնականացման քարտի PIN և PUK ծածկարերը հիշել պարտադիր չէ։ Նույնականացման քարտը կարող է լինել նույնիսկ առանց չիպի։ 

Ո՛չ։ Բջջային օպերատորի գրասենյակում SIM քարտը վերաթողարկելուց հետո թվային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայություններն ակտիվանում են ավտոմատ կերպով՝ առանց տարեկան վճարների կամ այլ գործողությունների։

Բջջային օպերատորի գրասենյակում SIM քարտը վերաթողարկելիս նախկին քարտի հեռախոսահամարները կարող են ջնջվել, ուստի հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսում կամ ամպային տիրույթում (cloud)

eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների դեպքում թվային նույնականացումը կտրամադրվի eSIM Mobile ID-ի միջոցով, որը հնարավոր կլինի ստանալ բջջային օպերատորներից 2025 թվականի մարտի 29-ից հետո։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի (mID) հետ կապված խնդիրների դեպքում կապ հաստատեք բջջային կապի Ձեր օպերատորի հետ։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ձեռք բերելուց հետո ամեն անգամ թվային ծառայություններից օգտվելիս կամ էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելիս պարզապես անհրաժեշտ է՝

  • ծառայության էջում ընտրել «ԵսԵմ» մուտքի բջջային նույնականացման քարտով տարբերակը,
  • լրացնել հեռախոսահամարը,
  • հեռախոսի էկրանին բացված պատուհանում լրացնել 6-նիշանոց ծածկագիրը, որը ստեղծել էիք բջջային օպերատորի գրասենյակում,
  • հաստատել գործողությունը։

Նույնականացում ID քարտով և քարտն ընթերցող սարքով

«ԵսԵմ» նույնականացման հարթակ հնարավոր է մուտք գործել նաև նույնականացման քարտի և քարտն ընթերցող սարքի միջոցով, եթե քարտը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը (պարունակում է չիպ), և հիշում եք դրա PIN և PUK ծածկագրերը։ 

Նույնականացման և ստորագրության հնարավորություններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է համակարգչում ներբեռնել անհրաժեշտ ծրագրերը, որոնք ներկայացված են ուղեցույցում։

Ուշադրություն
Առայժմ միայն Google Chrome և Microsoft EDGE 10 դիտարկիչներով է հնարավոր մուտք գործել «ԵսԵմ» հարթակ նույնականացման քարտի և քարտն ընթերցող սարքի միջոցով։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Was this page useful?