BETA

This site is new, your feedback will help us improve it.

Արձակուրդի ի՞նչ տեսակներ կան երեխա ունենալիս

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ հղիության և երեխայի վաղ մանկության շրջանում նրան խնամելու համար տրամադրվող արձակուրդների վերաբերյալ (հղիության և ծննդաբերության արձակուրդ, հայրության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ)։ 

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հղիության և ծննդաբերության արձակուրդը աշխատող կանանց տրամադրվող վճարվող արձակուրդի տեսակ է, որը հաշվարկվում և տրամադրվում է ամբողջությամբ՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների համար։

Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: 

Հղիության 30-րդ շաբաթում քո կոնսուլտացիայի բժիշկը կամ մանկաբարձ-գինեկոլոգը քեզ կտրամադրի հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ, որը պետք է ներկայացնես գործատուին, ինչի հիման վրա էլ կձևակերպվի արձակուրդդ։

Արձակուրդը տրամադրվում է հետևյալ ժամկետներով․

  • 140 օրացուցային օր՝ սովորական ընթացքով հղիության դեպքում (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր),

  • 155 օրացուցային օր՝ բարդ ծննդաբերության դեպքում (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր),

  • 180 օրացուցային օր՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)։

Հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ քեզ կտրամադրվի մայրության միանվագ նպաստ արձակուրդիդ 140 օրերի համար՝ ըստ քո միջին օրական աշխատավարձի։

Հայրության արձակուրդ

Հայրության արձակուրդ

Երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կարող է տրամադրվել 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է միջին օրական աշխատավարձ։

Երեխայի ծնունդից հետո 1 տարվա ընթացքում նրա հայրը կարող է ստանալ նաև մինչև 2 ամիս տևողությամբ չվճարվող արձակուրդ, եթե նրա կինը գտնվում է՝

  • ծննդաբերության արձակուրդում,

  • մինչև մեկ տարեկան երեխային խնամելու արձակուրդում։ 

Երեխայի խնամքի արձակուրդ

Երեխայի խնամքի արձակուրդից կարող է օգտվել երեխային փաստացի խնամող ընտանիքի մայրը (խորթ մայրը), հայրը (խորթ հայրը) կամ խնամակալը։

Երեխայի խնամքի արձակուրդ կարող է ունենալ ծնողներից միայն մեկը՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը։ 

  • Այն կարող ես վերցնել ամբողջությամբ կամ մաս առ մաս՝ արտահերթ կարգով:

  • Արձակուրդի ձևակերպման համար պետք է համապատասխան դիմումը ներկայացնես քո աշխատավայրում տվյալ հարցերով պատասխանատուին՝ կցելով երեխայիդ ծննդյան վկայականի պատճենը։

Երեխայի խնամքի արձակուրդից կարող ես օգտվել մինչև երեխայի 3 տարեկան դառնալը, իսկ մինչև նրա 2 տարեկան դառնալը կստանաս խնամքի ամսական նպաստ՝ ֆիքսված չափով։

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում աշխատատեղդ պահպանվելու է՝ բացառությամբ հետևյալ դեպքերի․ 

  • եթե կազմակերպությունը լուծարվել է, 

  • եթե տնտեսական, տեխնոլոգիական, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակը կամ հաստիքները կրճատվում են։

Իրավունքները հղիության կամ երեխայի խնամքի փուլում աշխատելիս

Եթե հղի ես կամ խնամում ես մինչև մեկ տարեկան երեխայի և միաժամանակ աշխատում ես, քեզ համար կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։

Այս դեպքում աշխատանքը կվարձատրվի՝ ըստ փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված աշխատանքի։

Հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո քեզ կարող է տրամադրվել  նաև ամենամյա արձակուրդ՝ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը։ 

Քո համաձայնությամբ կարող  ես նաև մեկնել գործուղման կամ աշխատել՝

  • արտաժամյա,

  • հանգստյան օրերին,

  • տանը կամ կազմակերպությունում հերթապահությամբ (հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների դեպքում),

  • ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին։

Ուշադրություն
Եթե երեխային կերակրում ես կրծքով, բացի սահմանված ընդմիջման ժամերից՝ ամեն 3 ժամը մեկ քեզ պետք է տրամադրվի առնվազն 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում՝ երեխային կերակրելու համար։ Այդ ընդմիջումների ժամանակ դու կվարձատրվես միջին ժամային աշխատավարձիդ չափով:

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր